— Ես հայ եմ,֊ պատասխանեց,֊ և ավելի ոչինչ։ Եթե իմ մարդկությունը բավական չէ քո համար, որ կարեկից լինիս ինձ, թո՛ղ գոնե իմ հայությունը շարժե քո սիրտը և ոգին։ Ես որդի եմ մի անբախտ ազգի, որ երբեմն ունեցել է յուր քաղաքականությունը, յուր հողը, օրենքը, սուրը և դրոշակը։ Որ այս րոպեիս բևեռից մինչև բևեռ ցրված աշխարհի երեսին գտանվում է խղճալի վիճակի մեջ, գերի և ստրուկ խավար նախապաշարմունքների և ամենևին անհոգ լուսավորության մասին։ Չգիտեմ, թե ի՛նչ ազգից ես դու, բայց ով և լինեիր, մի՛ արհամարհիր իմ անձը, մի՛ անարգիր իմ ազգը այդ պակասութենների պատճառով, որովհետև նա է այն միակ առարկան, որ մոտ է իմ սրտին և հոգուն, որովհետև նորա արյունը շրջանառություն է կատարում իմ երակների մեջ, որովհետև գիշեր ցերեկ նորանով զբաղված է հոգիս։ Ցավի՛ր և ողբա՛ այդ ազգը, աղաչի՛ր գթած աստվածը նորա համար, և այդ քո բարեմտության փոխարեն կվարձատրե քեզ նա, որ խոստացավ յուր անունով մի բաժակ ջուր մի աշակերտի տվողի վարձը ևս չմոռանալ։
Չկարողացա դիմանալ, որ այլևս խոսեր նա, արյունը ապստամբվեցավ երակներիս մեջ. փաթաթվեցա նորա վզին աղաղակելով.
— Եվ ես հա՛յ եմ, և ես հայ, մեր սիրական հայերին առ ի սրտե բարի կամեցող։
Բայց այնպիսի կրքով և սաստկությամբ փաթաթվեցա նորա վզին և այնպես աղաղակեցի, որ իմ նույնիսկ ձայնից զարթելով քնից, չէի կարող հավատալ, թե գտանվում եմ բանտում գոմի մեջ, մի ապականյալ մսուրի մոտ։
Ձեռքիս շղթաները մերկացուցին աչքիս առաջև կախարդական վարագույրը, և այդ շղթաների տխուր և միօրինակ ձայները զգացուցին ինձ, թե երազում էի տեսել այս վերևում պատմած բաներս։ Առավոտը վեր կացա տեղից հոգու մեծ զորությամբ, թեև բավական թույլ մարմնով։
Նույն օրը հրաման ստացա ներկայանալ Շամիլին։
Ինձ դարձյալ ընդունեց նույն սենեկի մեջ և մի քանի բառ խոսելուց հետո, ասաց.
— Անցյալ օրվա խոսքերիցդ տեսա, որ մոլորված ես դու․ ցավում եմ քո վերա, դու կարող էիր ավելի պիտանի մարդ լինել և քեզ և քո ազգին, եթե ծառայեիր իմ մոտ։
— Իմ ձեր մոտ ծառայությունը ի՛նչ հարակցություն կարող էր ունենալ իմ ազգի օգտի հետ։