Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հը՜մ... ես քեզ հնարներ կտայի, որ ինձանից ուսած գաղափարքըդ տարածեիր ձեր ազգի մեջ մեր լեզվով։

— Ձեր լեզվո՞վ. հայերի համար ձեր լեզվո՞վ։ Այդ ի՛նչ խելացնոր բան է. մի՞թե հայք լեզու չունին։

— Անպիտան է նոցա լեզուն, անկիրթ և անմշակ. բայց մեր լեզուն կոկ և կանոնավոր, և ամենայն լուսավոր միտք և գաղափար հասկացնելու հարմարավոր։ Ի՛նչ ասեմ, հայերը մինչև այժմ դեռ կռիվ ունին յուրյանց մեջ, հին, եթե նոր ռամկական (jargon!) լեզվով պիտո էր գիրք շարադրել կամ օրագիր տպել։ Եվ ո՜վքեր են կռվողքը, և չկարծես հասարակ մարդիկ, այլ ուսումնականքը։

— Դուք ի՞նչ տեղից գիտեք այդ բաները։

— Ես ամենայն բան գիտեմ։

— Այդ գրողներից մինը ևս ես եմ, որ կանգնած եմ ձեր առաջև։

— Ուրեմն դու ևս պատերազմի մեջ ես այդ խնդիրների վերա։

— Անտարակույս։

— Մոլորություն մոլորության վերա։ Դուք որ ուսումնականքդ, որ կարելի է ասել, երկու և կես մարդ եք, եթե հաշտ չեք միմյանց հետ, դուք, որ պիտի օրինակ լինեիք ձեր ազգին, քարոզում եք բարոյականության ընդդեմը...

— Ո՞վ է ասել ձեզ, թե մեք քարոզում ենք ընդդեմ բարոյականության, այդ մի ցած զրպարտություն է,— վեր առեցի ես։

— Ձեր վեճ ու կռիվը, որպես մի գայթակղեցուցիչ գործ, պատճառ է լինում անբարոյականության, թեև հատկապես քարոզած չլինեիք անբարոյականություն. դուք պիտի հաշտվեիք նախ և հառաջ, որ ազգը ևս բաժին բաժին չլիներ։

— Լույսը չէ կարող հաշտվիլ խավարի հետ, ճշմարտությունը ստութան հետ, այդ վեճը և պատերազմը հարկավոր էր, որ մի օր հառաջանային մեր ազգի մեջ. հարկավոր էր, որ լույսը և ճշմարտությունը ոտաբոկիկ քշեին Հայաստանի ծխյալ ավերակներից խավարի և ստության չար դևը։ Մեք, բուն այդ վեճի մեջ տեսանում ենք լուսավորության և խիստ բարոյականության սկիզբը։ Մի՛թե մի քայլափոխ չէ՞ դեպի լուսավորություն, եթե սորա պաշտպանքը հրատարակեն սորա իրավունքը յուրյանց ազգի այն բաժնի մեջ, որոնց առավել սիրելի էր խավարը։ Հաշտվելով մեք, պիտի վերջանար այդ քարոզությունը, պիտի խավարը դարձյալ տարածեր յուր մառախլապատ և մահադեմ վարագույրը մեր ազգի վերա. մի՞թե սուտ է խոսածս։

— Ձեր ամենայն բանը հակառակ է. ես տեսանում եմ, որ քեզանից