բան վրդովում էր նոցա փոքրիկ հոգու խաղաղությունը, ծառի տերևների շարժողությունը կայծակնաբեր որոտմունքի նման բան է այդ մարդերի համար։ Ով որ չէ նկատել այս բանը, թող ուշադիր լինի, և տարակույս չունիմ, որ ցավելու էր, թե ի՛նչ պատճառով բնությունը այդպես վշտացուցել է այդ մարդերին։ Դոցա մեջ թագավորված է մի ստրկական երկյուղ, երկյուղ օտարից, երկյուղ ազգականից, երկյուղ ընտանիքից, երկյուղ բարեկամից, երկյուղ թշնամուց, հեռավորից և մերձավորից և ասես թե դոքա ինքյանք մի կերպարանված երկյուղ լինեին, ասես թե երկինքը այն պատճառով հաստատ պահել էր յուր կամարակապ տարածությունը, որ կործանվելով մի այդպիսի մարդու գլխի վերա, չքացներ նորան։ Ցավելի մտածություն. արդյոք կա՞ մի բնական պատճառ, որ այդ մարդիկը ստանում էին այդպիսի ստրկական ուղղություն հոգու։ Եվ այդ պատճառը պիտո էր որոնել նոցա կազմվածքի՞ մեջ ֆիզիկաբար, թե լոկ բարոյական պատճառների մեջ. արդյոք ա՞յդպիսի մարդիկ շատ հարստահարված էին, կամ շատ խաբված, որ այժմ մատնվել էին այդ ողորմելի վիճակին. թե չարագործ, նենգավոր և այլ հանցանքների տեր լինելուց, մի խոսքով հոգու անբարոյականութենից հառաջանում էր այդ կասկածամտությունը։
Մտածությունքս կտրվեցան թղթաբերի ներս մտանելով, և ահա ստացած նամակիս բառացի պատճենը.
«Ողորմած պարոն, Կոմս էմմանուել.
- Ապրիլի 14, 1858, Րեդուտկալէ
Իմ ձեռքը հասած Հյուսիափայլ անունով օրագրի մի քանի համարներից տեսանում եմ, որ դուք գործակից եք այդ օրագրին. ուրախ եմ և հոգվով չափ ուրախ, որ ձեր կոչումը և դրությունը աշխարհի երեսին խափան չէ ձեզ մի ազգային և բարի գործի մասնակից լինելու. երանի՜ թե ես ևս կարողանայի մի կերպով օգտակար լինել այդ ընդհանուր ազգային գործի հառաջադիմությանը. այո՛ ցանկանում էի երբեմն երբեմն տեղեկությունք տալ այդ պատվական օրագրին, բայց երկբայում եմ, մի գուցե պարոն Հրատարակողը տեղ չգտանե յուր օրագրի մեջ իմ գրած բաների համար։ Ես ծանոթություն չունելով ոչ պ. Հրատարակողի և ոչ պ. Նալբանդյանցի հետ, որ, ինչպես տեսանում եմ, պիտո է գլխավոր աշխատակից լինի պ. Հրատարակողին, գրում եմ ձեզ այս նամակը այն խորհրդով, որ դուք մի նամակով միջնորդ լինիք իմ և Հյուսիսափայլ օրագրի մեջ, որպեսզի ընդունե իմ աշխատությունքը, եթե պատահի ինձ