ուղարկել։ Ես կարդում եմ այստեղ Մեղու Հայաստանի անունով լրագիրը և շատ անգամ տեսանում եմ նորա մեջ այնպիսի բաներ, որ արժանի չէին բերանից հանելու, թող թե պղծելով Գուտտենբերգի գյուտը հասարակության հրատարակելու։ Չգիտեմ, արդյոք ստանո՞ւմ եք դուք այդ լրագիրը թե ո՛չ. բայց եթե չեք ստանում, մի կորուստ չունիք. դորա գործակատարների մեջ չէ՛ երևում մի հաստատ բնավորություն և ինքը լրագիրը չունի յուր համար մի ուխտյալ խորհուրդ, առաջևումը մի նպատակ, որին հասաներ․ դա մի առօրյա բան է և ճակատագիրը նույն վիճակով վճռելու է դորա ապագան, որով վճռվեցան Կովկասը և Արարատը: Ես չեմ կարող տեսանել մի գործ, որ ազգային դիմակ ծածկելով երեսին, բայց էապես հիմնված լինելով նյութական շարժառիթների վերա, աշխատում էր հանձն առնուլ ամենայն տեսակ ցածություն, շողոքորթել ազգի թեթևամիտ և կարճատես անդամների անձնասիրությունը և այդ ճանապարհով հաճոյանալով ազգին, տարածել յուր անճոռնի լրագրի համարները արծաթ ժողովելու աղագավ։ Այսպես անմխիթար է իմ հայացքը Մեղուի վերա․ և ես անդադար գրագրություն ունենալով Թիֆլիզի հետ տեսանում եմ, որ այնտեղ ևս խելացի և բանագետ մարդիկ այդ աչքով նայում են դորա վերա։ Մի քանիքը իմ բարեկամներից, լսելով ինձանից, թե կամենում էի երբեմն-երբեմն քննության տակ ձգել դորա թերթերը, ասացին ինձ, թե անպատշաճ էր ուշադրություն դարձուցանել այդպիսի մի չնչին գործողության վերա, և խոսակից լինելով նորա գործակատարների հետ անպատվել իմ անձը։ Ես բոլորովին համաձայն եմ, և եթե այդ գործը հարաբերություն չունենար մեր ազգի հետ, եթե դա հիմար գաղափարներ չտարածեր ազգի մեջ, հավատա՛, որ հետևելով իմ բարեկամների խորհրդին, անունը ևս տալու չէի այդ գործին։
Ուղարկում եմ այժմ իմ մի քանի նկատողությունքը, «Հրավիրակ հայրենասիրության» մակագրով պ. Իսահակյանցի հոդվածի վերա, որ տպած էր այդ Մեղուի 14 համարում, ապրիլի 5-ից։
Խնդրեմ շուտով ուղարկել ինձ այն երաժշտական նոտերը, որոնց մասին դեռևս գրել էի մարտի մեջ. դուք չգիտեք, թե այսպիսի մի խուլ տեղում մինչև ո՛ր աստիճան զգալի է գեղեցիկ ձայների կարոտությունը ականջի համար։ Գարունը բավական շուտ սկսեց այստեղ։ Հյուսիսային արևելյան մրրիկները խռովում են անդադար Սև ծովի տարածությունը։
Ողջ եղիք։
- Միշտ պատրաստական խոնարհ ծառա