հարկավոր է հույս ունենալ մեր անձին և մեր ընկերի վերա, և առանց լքանելու և վերացական բաների թողնելու մեր մասին հոգաբարձությունը, մեր ձեռքով վարել մեր հողը։ Միստիկականությունը սեփականություն է հուսահատ մարդերի. շատ անգամ երևելի մարգիկ անհաջող գտանվելով որևիցե նշանավոր գործերում, փոխում են յուրյանց մտքերի տրամադրությունը ամենևին անգիտակից, բնական ազդեցությամբ և ընկնում են որոնել յուրյանց ցավի ճարը վերացականության մեջ։ Այս մի հոգու բարոյական հիվանդություն է, որով վարակվելով կորուսանում են այնուհետև հույս և հավատը յուրյանց վերա։ Հանդիսացնում են մի ողորմելի պատկեր մտավորական մեռելության, մինչև զգացող մարդերի արտասուքը շարժել... Լամարթինի կյանքը անցած է և անցանում է այնպես, որ դժվար էր նորան չընկնել միստիկականության մեջ։ Չարաչար խաբված է նա յուր կյանքում, խաբողը բնակվում է Տուիլերիու, Լուվրի և Սեն-Կլու պալատներում, իսկ Լամարթինի համար պիտո է ողորմություն հավաքեին, որ ապրեր։ Մի՞թե ծանր չէր նորան ընդունել ապերախտ բռնակալից 14000 ֆրանկ որպես ողորմություն։ Մեր ընթերցողներին կմատուցանենք շուտով Լամարթինի գանգատանքի թարգմանությունը, որով բողոքում է նա...
Այսպիսի հեղինակի գործը լինում է միշտ միստիկական, բայց մեր ազգին հարկավոր է հեռի մնալ։ Մեզ օրինակ չէ այս դիպվածում եվրոպացին, նորա բարոյական և լուսավորության ոտքերը ադամանդից են շինված և միստիկականությունը տեղ չէ գտանելու հասարակաց սրտի մեջ, իսկ մեր ազգը կավեղեն ոտքերով թավալգլոր ընկած չարաչար կործանության անդունդի մեջ, արդեն իսկ լցրել է խելապատակը այդպիսի գաղափարներով. կրակի վերա կրակ հավելացնելը մոտենում է Հոմեոպատների խելագար առածին similia similibus curantur:
Լամարթինի գործի հայ թարգմանության ճակատը զարդարված է մի այսպիսի փոքրիկ պատկերով։ Երևում է Արարատը, երկնքի վերա ծիածան և աղավնին թռչում է դեպի տապանը։ Երկու հրեշտակ, որոնցից մինի գլխի վերա աստղ և ձեռքում քնար ցույց է տալիս բանաստեղծության ոգին, իսկ մյուսի գլխի վերա հրեղեն լեզու և աջո ձեռքում բռնած մի ջահ լուսավորում է Արարատը։ Սորա տակ մի դափնյա պսակի մեջ գրած են հետևյալ տառերը Ս. Գ. Ա. Խ․։ Այս բոլորը (պատկերը և տառերը) նշանակում են, թե Սարգիս, Գաբրիել, Ամբրոսիոս և Խորեն վարդապետքը, յուրյանց մեջ կենտրոնացնելով լուսավորությունը, լեզվագիտությունը և բանաստեղծությունը լուսավորում են խավարած