Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնուամենայնիվ կարելի չէ հուսալ մի տիրապես պտղաբերություն։

Արժանապատիվ Խորեն վարդապետը այս օրերումս դուրս տվեց Լամարթին ֆրանսիական բանաստեղծի Les Harmonies մակագրով տաղերգութենների հայ թարգմանությունը հին լեզվով։ Ազգային բանասերքը, մինչև այժմ չկարողացան հասկացնել մեր բոլոր հեղինակներին, թե մի հին և մեռած լեզու, որ կորուսել էր յուր իրավունքը ընկերական կյանքում, չէ կարող միջնորդ լինել կենդանի ժողովրդի մեջ գաղափարք ներս բերելու համար։ Անտարակույս ավելի հեշտ է հին լեզվով թարգմանել, մանավանդ, ոտանավորը, բայց մի՞թե հեղինակի նպատակը պիտի լինի հեշտ կերպով կատարել մի գործ, երբ այդ եղանակը անօգուտ էր ժողովրդին։ Արդարև մեծ աշխատություն է հարգելի վարդապետի կողմից, ոտանավորով թարգմանել ոտանավորը, որ գրված Էր օտար լեզվով և ցավում ենք, որ այդքան քրտինքով հառաջ եկած գործը մեռած է ազգի համար։

Մեք ցավում ենք մանավանդ արգո վարդապետի աշխատության քան թե այդ գործը մեր ազգին անհասկանալի մնալու վերա. հայր Խորենին չէ հաջողվել ընտրությունը թարգմանելու գործի մեջ։ Ավելորդ չէ մի քանի բառ խոսել այս մասին և ավելի բացահայտ կերպով ասել մեր կարծիքը։

Ոչ ոք չէ տարակուսում, որ պ. Լամարթինը մինն է արժանավոր բանաստեղծներից և թե նորա գործերը արժանացած են լուսավորյալ աշխարհի համակրությանը, բայց Լամարթինի գործերը առաջին հարկավոր բաները չեն մի ազգի համար, որի մատենագրական չքավորությունը բարձրացած է մինչև ի Կոկյուսոն հայոց։ Որևիցե անդաստիարակ ժողովուրդ միշտ անձնատուր է գտանվում միստիկականության, այսպես և հայոց ազգի մեջ, որքան մինչև այժմ հաջողել է մեզ քննել նորա հոգեբանական կողմերը, շատ առատացած է միստիկականությունը, որ միշտ խափան և արգելք է լինում ճշգրիտ լուսավորության, վերացնելով, կորզելով մտքերը այս աշխարհից, ուր պահանջվում է գործունեություն և շարժողություն և ձգելով մի գաղտնածածուկ վերացականության մեջ, ուր դադարած էր ամենայն կյանք և շարժողություն, և ուր խոստովանված կյանքը էր մի անշարժություն և անզգայություն։

Լամարթինի Les Harmonies տաղերգութենների յուրաքանչյուր տողերից փչում է միստիկականություն, որ ոչ միայն օգտակար չէ, այլ շատ և շատ վնասակար է, եթե առողջ բանականությամբ աչքի տակ ձգենք մեր ազգի վիճակը։ Մեզ հարկավոր է կյանք և շարժողություն,