P. S. Այս րոպեիս ձեռքս հասավ Մոսկվայում տպած Նոր Քնար Հայաստանի անունով տետրակի չորրորդ համարը․ թե ի՛նչ տպավորություն կգործե իմ վերա, այդ բանը կգրեմ հետևյալ փոստայով»։
Պ․Շահբեգի նկատողությունքը պ․ Իսահակյանցի «Հրավիրակ հայրենասիրության» մակագրով հոդվածի վերա, որ տպած էր Մեղուի մեջ, նորա 14 համարում։
Պ․ Իսահակյանցը յուր գրությամբը հայտնում է յուր որպիսությունը․ տեսանում եմ, որ դա բարեմիտ և աշխույժ երևակայությամբ մի երիտասարդ է, բայց շատ թույլ դաստիարակված, որովհետև նորա գրածի մեջ չէ երևում մի հիմնավոր դաստիարակության հետք։ Շատ տեղ չարչարվում է լոգիկան, և այդ պատճառով պ․ Իսահակյանցը ինքն չէ իմանում կշռի ո՛ր թաթի վերա դնե յուր ծանրության քարը։ Այդ պարոնը, ազգի հետ մնալու պատճառ լուսավորության կողմից, դնում է այն բանը, որ բուն հնարն էր նորա հառաջխաղացության․ այսինքն այն մեղադրանքը, որ նորերումս լսվում է մի քանի պարոնների գրչի բերանից, ինչպես վկայում է պ․ Իսահակյանցը, ազգի անուսումնասիրության վերա։ Պ․ Իսահակյանցը ասում է, թե այն ժամանակ միայն պատշաճ էր այդ, «եթե ազգայինք աղավնեվաճառության և լոմայափոխության մեջ մոլորված և ապականված լինեին, և ազգային գիտության և հառաջադիմության տունը ավազակաց այր շինած լինեին»․ այս խոսքերից հետո, որ բավական հանդարտությամբ հառաջ է տարել, իսկույն վայր է ձգում երեսի դիմակը և ասպարեզ է մտանում. «այս ի՞նչ դատաստան է, որ մեր լեզվագետները գործ են դնում։ Այս ի՞նչ հայրենասիրություն է, որ կացին և մանգաղ վեր առած, լեզուները սրած, ազգը պախարակելու վերա են և վերք վերքի վերա դնելու. ա՜խ, մինչև ե՞րբ մեր խեղճ ազգը այս տաժանակիր լծո տակը ծնկի և տառապի․ մինչև ե՞րբ պետք է նախատանաց, բամբասանաց և զրպարտության պարսաքարեր և թուք ու մուր արձակվին նորա վերա, ո՛վ պարոններ, ազգը այս տեսակ կրթություն չի ստանալ, ազգը վայ ու վագլախով իրա կորուստը չի գտնիլ. մանկությունը սիրում է գգվանք, սիրում է փափկություն, սիրում է փաղաքշանք․․․>>։
Չենք հասկանում, պ․ Իսահակյանց, թե հայոց ազգը ո՞ր տեղում ունի գիտության և հառաջադիմության տուն, որի մասին ասում եք թե