Մխիթարյան համախոհաց իրավունք պիտի տա ափեղ ցփեղ աստվածաբանությանց թերթերը նորեն դարձնելու և մեր մոլորության տարեգրացը վերջի հատորներն ընդարձակելու. բայց մենք ո՛չ այն կողմերն ենք և ոչ իրենց տրամաբանությանցը մտիկ ընելու գլուխ ունինք։ Մեզի պետք եղածն ու ազգային իրավունքնիս այն է, որ Բաբկեն իր ատենին երևելի Հայրապետն էր և տասնը հինգ միլիոն ժողովուրդի կտիրեր, այնպիսի ժողովուրդի մը, որ սրտերնին իրենց հայրապետին ափը, միշտ արյուննին թափելու պատրաստ էին։ Այսպիսի հայրապետ մը, երբ որ իմացավ, թե Հայոց եկեղեցին ուրիշներեն կ'արհամարհվի, լուսավորչաց ավանդությունքն աղեկ մը բռնելուն ու իրենց կռիվներով քվե ձգած Սահմանադրությունը չընդունելուն համար, ա'ն ալ, իր նախորդաց ճամբուն մեջը գտնվելուն իրավամբ, ելավ բանադրեց զարհամարհողս. և աղեկ ըրավ, իրավամբ ըրավ. այն ատենին համար իր պարտքն էր․ չ՝ըներ նե, շատերուն պես ազգատյաց կ'ըլլար և դժոխքը կ՚երթար...
Մխիթարյան համախոհք ասոր ըսելիք ունի՞ն. իրենց պապը, սա՛ ժամանակիս, միլիոն մը հավատարիմ ժողովուրդ ունի նե, թող հաստատեն, որ գրիչնիս կոտրատենք ու մեկդի ձգենք․․․
Երկայն բարակ մտածել պետք չէ. համախո՛հք, դրե'ք, քահանաներն ալ մեջը դրեք... չը լեցա՞վ... կես միլիոն ա՞լ չեղավ... վայ ձեր թշվառությանը... այդպես ըլլալը շատոնց գիտեինք․ այսու ամենայնիվ այս օրվան օրս կըդնե կըվերցնե Հայաստանյայց հայրապետ մը անկեց ի՞նչ վար տեղ ուներ, Արդարև, կատակեն ուրիշ բանի արժանավորություն մը չո՜ւնիք եղեր։
Հայոց եկեղեցին Բաբկենին ըրածը տարվե տարի նորոգելեն շատոնց դադրեցավ, իսկ Մխիթարյան համախոհաց սևաներկ վարագույրը տարին տասներկու ամիս քաշված, մտիկ ընելով գլուխնիս դդում դարձավ... Քաջությունը Մխիթարյան համախոհացը չէ, բայց հանցանքը հայոցն է, որ քանի մը Տիտայական տրամաբանութենե վախնալով, կապված մնացին ու հերձված անունը միշտ մերժեցին. ի՞նչ կա այդ հերձված անունին վրա, և ի՞նչ ըսել է, որ այդ չափ խրտեր են ու չկրցին օր մը ոտքի վրա ելնելով ըսել թե, այո՛, հերձված ենք անոնցմե. nրֆ եկեղեցինիս կ՛արհամարհեն, ի՞նչ անպատվություն կա այդ անվանը մեջ... եթե այսպես ըսեին, գուցե իրենց պարծանք մըն ալ կ՜ըլլար այն անունը, որով ոչ միայն զՄխիթարյան համախոհս թավալգլոր բերած ու անել անդնդոց մեջը ձգած և ի թշնամյաց անդառնալի կերպիվ հեռացած կ'ըլլային, այլ և Եվրոպան ալ առավել որոշ կերպիվ և ըստ ամենայնի զատ ու առանձին ազգ մը կճանչնար զիրենք։
Հիմա դո՜ւն ըսե, սրամիտ ընթերցող, այս մտքով շաղյալ ազգդ,