Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրինակավը ժողովրդյան մեջ գայթակղություն ձգելու միտք չունինք. միայն թե այս վերջիններուն համար գերապայծառ Հասունին[1] խրատ կտանք (ան ալ իր կրոնակցաց օգտին համար), թե կա՛մ յուր իրավասության տակը գտնվող քահանայքն (ըստ արևելյան սովորության) ամուսնացնե, կա՛մ անոնց համար վանք շինե ու երկաթյա պատուհաններուն առջևն ալ մեյմեկ զինվոր կայնեցնե, և կամ ամենքը ժողովե Վենետիկ ղրկե...

Բայց ինչո՞ւ մեր նպատակեն շեղելով ուխտերնուս դեմ ըրինք, մեր գրության հիմը և միտքը դատել կամ պատասխան տալ չէր, այլ միայն կատակել զհամախոհս Մխիթարյանց․ ուրեմն շարունակենք մեր խոսքը:

Անանուն Փեփե Մարիձայի մը զավակ, ելավ տետրակ մը հանեց, որով անուն և ածականազարդ չարիք չթողուց ազգին վրա դրավ, մենք ալ զհամախոհս մարդիկ կարծելով, ելանք ինքզինքնիս (եթե ոչ անուշությամբ, գեթ իրավամբ) բանավոր կերպիվ պաշտպանեցինք և բացե ի բաց մերժեցինք այն անարժան հայհոյությունքը, որ իրենց սքեմին և տպարանի մամուլներուն տակեն ելած էին. հիմա նույնը նորոգող և Ընծայի հագուստով դռներնիս նորեն չալող կաշի-երես համախոհը կատակեն ուրիշ ի՞նչ պատվո արժանի էր։

Ասոնց ամենը մեկ դի։

Համախոհաց ծիծաղելի աստվածաբանության առանց մատչելու (որն որ արհեստնիս չէ՛, մոտենալու միտք ալ չունինք) լուսավորչական հայերս բյուր անգամ ըսինք, թե մեք զԲաբկեն անմեղ անձ, մանավանդ հայրենասեր մարդ մը կըճանաչենք, ա՛ն էր, որ իր ազգային ազատությունը պահել ուզեց, անոր ուզելուն և ի գործ դնելուն պատճառավն է, որ մինչև հիմա հայոց ազգը կանգուն կեցած աշխրքիս մեջ, գո՛նե ընկճյալ ազգաց թիվը կհամարվի. ըսինք նաև, թեմեք, լուսավորչականքս, ոչ միայն հռովմեականության պատրաստ չենք, այլ և պապին անունը մեզի հիշած ատեննիդ վրանիս այնպիսի սարսափ մը կգա, որ շատ անգամ ամիսներով ալ հիվանդ կ՚ըլլանք... Մեր ըսածները չլսելու զարնող համախոհին Ընծան, ի՞նչպես կրնայինք ընդունել եթե ոչ կատակավ։

Գիտենք, որ հանուն Բաբկենի վերի գրած հիշատակություննիս,

  1. Գերապայծառ Հասուն ասելով, հասկանում է պապական հայերի պատրիարքը Կոստանդնուպոլսի մեջ։ Սա որպես փրոփականդացի թշնամի է Մխիթարյանց, և Մխիթարյանք փոքր-ինչ ընդդիմություն ցույց տալուց հետո, խոնարհական և մեղայական նամակներով, թերևս ընծաներով ստիպվեցան նորա սիրտը առնուլ։ Կ. էմմ.