Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հայք հարակցություն չունենալով ֆրանսիականի հետ, ինչպես ուրիշ կառավարութենների հետ, ուրեմն և նոցա օգուտը կապված չէ մի վնասի հետ, որ պիտի վերաբերվեր ֆրանսիական կառավարության։ Շնորհակալություն պ. Արամյանին, և առավել շնորհակալ կլինինք, եթե բոլորովին ազատորեն և անկախաբար լցուցանե յուր խոստմունքը։ Ազատ գրատպությունը մեծ քայլափոխ է դեպի հառաջադիմություն. և ամենայն մարդ, որ կարող էր որևիցե կերպով, ընթացք տալ ազատության, արժանի՛ և արժանի՛ է մեծ շնորհակալության։

Մեր ներկայությամբ դուրս եկավ այդ տպարանից մի գիրք Փելիքս և Պավլինե պ. Թորոսյանի ձեռքով իտալական բնագրից թարգմանված։ Բացի շնորհակալութենից ուրիշ բան չունինք ասելու պարոն թարգմանողին․ ներողամիտ աչքով նայում ենք թե լեզվի և թե թարգմանության թերութենների վերա, հարգելով նորա ազնիվ ձգտողությունը, յուր ձեռքից եկածի չափ հարստացնելու մեր ժողովրդական աղքատին դպրությունը։ Բայց չէ կարելի մի քանի խոսք չասել այն մասին, թե հեղինակը այդ գործի, զուր տեղը աշխատել է մի քանի բան այլապես փոխելով․ ավելի լավ էր բառ առ բառ օրինակել Բեռնարդեն դը Սան-Պիեռի Պավլոս և Վիրգինեն, քան թե նույն բանը բայց ավելի անշուք կերպարանքով հանդես հանել որպես մի նորություն. գոնե ավելի հաճությամբ կկարդայինք դորան։ Ամենայն մարդ, որ կարդացած էր Պավլոս և Վիրգինե անունով Բեռնարդեն դը Սան-Պիեռի գործը, Փելիքս և Պավլինեի մեջ պիտի տեսանե մի կույր նմանողական ձգտողություն. ոչ թե միայն գաղափարքը միևնույն, այլ և շատ անգամ խոսակցության նյութը ևս։ Այստեղ ևս երևում են երկու անբախտ գերդաստանք, երկու աղքատ ու անմեղ սիրահարք և վախճանը գործի, մի փոքր այլապես ընթացք տալու համար, կատարված ավելի կոպիտ և անբնական կերպով։

Այդ գործը (բնագիրը) չունի ոչինչ մատենագրական արժանավորություն։ Աղաչում ենք մեր եղբայրակիցքը, թարգմանության ժամանակ ուշ դարձուցանել այն բանի վերա, որ բնագիրը ունենա մի հաստահիմն արժանավորություն։

Մեք ուրախ ենք, որ ամենայն տեղ հայերի մեջ երևում է այժմ փոքրիշատե շարժողություն, ազգը և ազգությունը ասես թե կամաց կամաց դառնալու են հասարակաց խոսակցության նյութ. բայց մեր ցանկությունը այն է, որ այդ առարկայի վերա ամուլ շատախոսությամբ չհերիքանան։

Շատ փոքր է Փարիզում գտանված հայերի թիվը, բայց այս փոքրի մեջ երևում է ազգայնությունը ավելի շատ, քան թե այլ բազմահայ քաղաքներում