Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալով նորան և խանութի բոլոր ապրանքը հաշվով հանձնելով։ Երիտասարդը, ինչպես վերևում գրածներիցս պարզ երևում է, ընկեր չէր, ուրեմն և ոչ բաժանորդ Բեգզադեի շահին կամ վնասին, նա պարտակա՛ն էր վաճառած ապրանքի արծաթը և մնացած ապրանքը ցույց տալ Բեգզադեին նույն հաշվով, ինչ հաշվով ստացել էր։

Մի քանի տարի ծառայում է այս երիտասարդը, խանութի ապրանքները օրեցօր սկսանում են հատանիլ, այս պատճառով ևս տեսակի պակասութենից առուտուրը սկսում է թուլանալ։ Արի երիտասարդը նկատում է այս բանը և վնասի ճանապարհը փակելու համար գրում է Բեգզադեին նոր ապրանք ուղարկել։ Բեգզադեն, սկզբումը այսօր էգուց ասելով, վերջապես բոլորովին լուռ է մնում։ Երիտասարդը գրում է, աղաղակում է, տարիներով, բայց լսող չկա. գրում է նա և շատ անգամ, եթե չէ կամենում Բեգզադեն նոր ապրանք հասուցանել, որպեսզի կամ ինքը գնա այդ քաղաքը կամ մի այլ մարդու հանձնե, հաշիվը և ապրանքը ստանալ յուրյանից և գործը ավարտել։

Բեգզադեն, երկար ժամանակ այս աղաչանքին ևս ականջ չդնելով, թողնում է երիտասարդը վերջին հուսահատության մեջ։ Մի օր, երբ սաստիկ զայրացել էր Բեգզադեի մարդ զրկելու ծարավը (տարու մեջ 365 անգամ զարթնում է նորանում այս կիրքը) 1118 վերստ ճանապարհ կատարելով հանկարծ երևում է այն քաղաքի մեջ, ուր էր նորա վաճառանոցը կամ գանգատավոր գործակատար երիտասարդը։ Սա սկսում է իսկույն հաշիվ տալ։ Օրինակի համար ասենք թե երիտասարդի ձեռքը հանձնել էր Բեգզադեն 30,000 մանեթի ապրանք. գործակատարը ժամանակ առ ժամանակ հասուցել է Բեգզադեին 25,000 մանեթ։ Ներկա ցույց է տալիս 10,000 մանեթի ապրանք, հաշվելով այն գնով, ինչ գնով Բեգզադեն հանձնել էր երիտասարդին։ Բայց Բեգզադեն մի մանեթով երիտասարդին տված ապրանքը հետ չէ ընդունում մի մանեթի տեղ, այլ հաշվում է 75 կոպեկով, պատճառելով թե հնացած էին։ Երիտասարդը պատասխանում է.

— Պարո՛ն , թե նոր է, թե հին է, ահա քո ինձ տված ապրանքը, ես չեմ կերել, չեմ վատնել, այլ որքան վաճառել եմ, նոցա բոլորի արծաթը քեզ հասուցանելով և այն քսան հազարին հինգ հազար ևս շահ հանելով, ուստի արժա՛ն է որ մնացած ապրանքը հետ առնուս նույն գնով, ինչ գնով ես քեզանից ստացել էի։ Եթե մի մանեթի բանը պիտո է 75 կոպեկով հետ տալ, պակաս մնացած 25 կոպեկը ո՞րտեղից պիտի դուրս գա։

— Քո վարձից,— շուտով պատասխանում է Բեգզադեն։