զոհաբերության է անդուլ աշխատության, տերը կառնե՞ր այդ գործը անմիջապես։
Տիրոջ առաջև դատապարտված է ծուլությունը և անհոգությունը. մեք ինքնին պարտական ենք նախ գործ սկսանել և ապա խնդրել տիրոջ հաջողությունը:
Առաջին գործը է դպրոցների հիմնարկությունը, այս է մեր առաջին և վերջին ճանապարհը փրկության։
Էջմիածնի մեջ պիտի հիմնվի՞ արդյոք մի օրինավոր դպրոց. մինչև այժմ լուր չունինք:
Թիֆլիսի հոգևոր դպրոցը պիտի բարեկարգվի՞ արդյոք, նույնպես չգիտենք։
Աստրախանի, նոր բացված հոգևոր դպրոցը, որքան մեզ հայտնի եղավ դորա ուսման առաջարկությունը, շատ աննշան է. հարկավոր է զորացնել, բայց ասում են, թե առաջնորդը չունի այն ազատությունը գերագույն իշխանութենից, որից օգուտ են քաղում ուրիշները թերևս չարաչար գործ դնելով յուրյանց իշխանությունը։ Աստրախանի առաջնորդ սրբազան Մատթեոս թեմակալ արքեպիսկոպոսի բարեմտությունը և ազգասիրությունը հայտնի է ոչ միայն մեզ, այլև բոլոր ժողովուրդներին, որոնց առաջնորդած է. ուստի և ստիպված ենք դպրոցի աննշանավորության պատճառը վերագրել հնարների և կարողության սակավությանը, քան թե մեծապատիվ սրբազան արքեպիսկոպոսի զանցառությանր, Երանի թե մեր բոլոր հոգևորների սիրտը այնքան ցավեր ազգի վերա, որքան Մատթեոս սրբազանի սիրտը:
Մի քանի օր սորանից հառաջ ստացած նամակ, մի նոր ապացույց տալիս է մեզ մեր աբեղաների ֆանատիկոսության մասին։
«Քահանայի մինը,— գրում էր բարեկամս,— «չգիտեմ ինչ կերպով ստանում է եղած Փարիզի Արևմուտք օրագիրը։ Մի անգամ ներս է մ մտնում նորա տուն մի աբեղա։ Հառաջուց պիտի ծանոթաբանել,որ աբեղա ասածդ միշտ վեր է համարում յուրյան քան թե աշխարհական քահանան և այս պատճառով շատ կոշտ են վարվում քահանաների հետ, ամենայն րոպե իշխանություն գործ դնելով նոցա վերա։A propos. մի անգամ հարցուցին մի աբեղայից թե ի՛նչ է նոցա իրավասությունը քահանաների վերա, ինչո՞վ բարձր են քան թե քահանայք, և ինչու համար շատ անգամ անգթաբար վարվում են քահանաների հետ: Աբեղան պատասխանեց, թե ինքյանք վանքի մեջ չլբուր ուտելով և սաղմոս ասելով հոգեմաշ են լինում, իսկ քահանայք միշտ ժողովրդի մեջ, ամուսինի և ընտանիքի տեր, վայելում են աշխարհի վայելչությունը։