Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պակասությունքը, որովհետև նա՛ միայն ուղղակի և կտրական կերպով կարո՛ղ է խոսել յուր պակասութենների վերա, որ գիտակցաբար ճանաչում էր յուր արժանավորությունը։ Առանց որևիցե փոքրոգի կասկածավորության պիտո է հանդես հանել ազգի առաջև նորա խավար կողմերը, ապացուցանելու համար, թե լավության ուժը չէր կարող հաղթահարվիլ չարութենից, այլ դորա հակառակ պիտո է հաղթեր նորան և կանգնեցներ առաքինության դրոշակը ջարդ ու փշուր եղած չարագործության ամրոցի վերա։ Պարոն Իսահակյանց, խնդրում ենք անհանգիստ չլինել, թե Հայաստանի փլատակների տակից լսելու էիք մի իրավացի անմռունչ գանգատանք, թե «ի՞նչ օգուտ, որ ունիմ բյուրավոր գիտնական որդիք և այլն»։ Հայաստանը գիտե յուր ընթացքը, ուստի և չունի ոչինչ ժամանակ գանգատելու իրավունք. դեռ Հայաստանը չունի գիտնական որդիք, որ յուր կաթով լիներ մեծացուցած. թող այդ գաղափարական Հայաստանը հառաջուց մի ծննդարան պատրաստե գիտնական որդիք ծնուցանելու համար, թող կաթ պատրաստե նորանց սնուցանելու համար, թող հաց պատրաստե նոցա ապրուստը ապահովելու համար, ապա թե իրավունք կստանա ասել, թե «գիտնական որդիք ունիմ»։ Հայաստանի որդոց գիտությունը, եթե կան այդպիսի մարդիկ ուր և իցե, այդ հայոց ազգի շնորհքը չէ. մեզանից յուրաքանչյուր ոք, գերմանական, ֆրանսիական և ռուսիական համալսարաններումը դեգերվելով, օտարության մեջ, հազարավոր նեղութենների համբերելով, օրը խավարեցնելով, ստացել է մարդկության ընդհանուր լուսից յուր բաժին մի քանի ճառագայթ. եթե գանգատ ունի Հայաստանը, թո՛ղ բարձրացնե յուր մեծատունների և հոգևոր իշխանների անփութության վերա, և դուք, պ. Իսահակյանց, տվեցեք այդ խորհուրդը Հայաստանին. մեք ևս կառնեինք այդ գործը և չէինք ծանրաբեռնելու ձեզ, եթե մոտ լինեինք Մասյաց դարևանդին և եթե նորա Մուզան խոսակից լիներ մեր հետ։ Եվ ձեր հետ խոսելու վերա ևս կասկած ունինք, մի՛ գուցե Թիֆլիզի վարձավոր լալականների ձայնը համարած լինիք ձեր վառ երևակայությամբ Մուզայի ձայն Մասյաց դարևանդից. պատճառ, մուզայք չեն բնակվում Արարատի վերա, այդ քնքուշ արարածքը յուրյանց անզգուշությամբ վտանգի մեջ կարող էին ձգել յուրյանց անձը սաստիկ մրսելով և ջլային տենդ (febris nervosa) ստանալով, որ շատ անգամ պատճառում են Արարատի և Արագածի մեջ խաղացած սառն հողմերը։ Մեք մուզաների բնակարան ճանաչում ենք Պարնասը, այլև գիտենք մեր ազգային ավանդությունը, որ Մասյաց ոտքումը կա մի փոս, դժոխք անվանված, ուր շատ անգամ ընկնում են մարդիկ...»։

Պարո՛ն, դուք մեղադրելով ուրիշների դաստիարակելու կերպը,