Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցույց եք տալիս ձեր վերին աստիճանի թուլությունը պեդագոգիայի մեջ․ դուք ասում եք, մանկությունը պիտո է դաստիարակել գգվելով, փաղաքշելով, փափկացնելով և այլն․ չգիտեք, որ իսկապես այդ բաները այնպիսի թունավոր տարերք են, որ մտանելով դաստիարակության մեջ կտրում են նորա ընթացքը. և մի մարդ ձեր կերպով դաստիարակություն ստանալով կդառնա շատ անբարոյական մարդ։ Խնդրում ենք, որ դուք մի փոքր աշխատություն հանձն առնուիք ծանոթանալ պեդագոգիայի կանոնների հետ. և առհասարակ վատ չէր լինելու, եթե մի բարեկարգ դպրոցում ստանայիք մի հիմնավոր կրթություն, որովհետև Ներսիսյան դպրոցի շնորհքով շատ հեռի չեք կարող գնալ։ Բայց այս մի խորհուրդ է իստակ սրտից, ինչպես կամիք։

«Ահավասիկ պարոններ», հանդես եք գալիս, պարոն Իսահակյանց, «եթե մեք ազգասեր ենք, եթե հայրենասիրությունը պարծանք ենք համարում, այսպես առնենք կամ այնպես առնենք»․ ինչ կամիք արեցեք սիրելիս, և մեք հոգվով չափ ուրախ կլինինք ձեր հառաջադիմության վերա, եթե հաջողի ձեզ ստանալ․ բայց լսելով ձեզ, դիմել մեր բոլորովին մարմին դարձած մեծատունների ոտքը, ազգի անունով բան խնդրելու համար, հանձնառու չենք․ մեք փորձը առած ենք այդ բաների, և մեր մեծատունների տտիպ համը առել են մեր ատամները․ բայց եթե դուք չեք փորձել, փորձեցեք, և կգա ժամանակ, որ ինքներդ կխոստովանեք այս ճշմարտությունը, թե հայոց մեծատունը կերակրի, հանդերձի, գինու, փառավոր ապրելու, սնոտի և անցավոր փառք ճարելու համար թափում է յուր քսակից վերջին մանեթը, բայց ազգային գործի, մի վերացական առաքինության համար, որի վարձը իսկույն երևելու չէր նորա վերա, նա շատ նեղությամբ կբանա յուր քսակը․ նորա ձեռքը սովորած չէ այդպիսի բաների համար արծաթ ձգել ազգի գանձանակը։ Այո՛, պարոն, բան խոսելու ժամանակ չէ պիտո մոռանալ այն շրջապատը, որի մեջ կատարվում էին այն իրողությունքը, որոնց վերա են մեր խոսք ու զրույցը։

Ճշմարտության պաշտոնյա լինել մի հատիկ խորհուրդն է մի բարոյական մարդու, և վա՜յ այն մարդուն, որ պիտո է ուրիշի ճշմարտությունը չափեր բարեկամության կամ թշնամության չափով։ Ստույգ ազգասերը պիտո է խոսի ճշմարիտը, այո՛, ճշմարտությունը շատ անտանելի է լինում այնպիսի մարդերի համար, որ յուրյանց ծնած օրից նվիրել էին յուրյանց անձը ստության սպասավորությանը, բայց ի՛նչ պիտո է առնել, այդ նոր բան չէ աշխարհի երեսին, և մտածող մարդիկ վաղուց ահա փորձով իմացած են, որ ճշմարտությունը հալածվում է միշտ և պատճառ է լինում յուր պաշտոնեի հալածանքին․ մի այդպիսի անբախտ