Սիրելի եղբայրս, Կոմս Էմմանուել,
Քո վերջին նամակը, փետրվ. l/13-ից, ինձ ավելի զարմացրեց, քան թե համոզեց։ Դու իմ աոաջարկութենների ընդդեմ գրում ես ինձ, թե անհնար է այժմ գլուխ բերել իմ խնդրած բանը, այսինքն կազմել մի մատյան, ուր պիտի երևեր երկրիս վերա եղած հայերի ստույգ թիվը ներկայումս, և թե որքան ո՛ր աշխարհում բնակվում է։ Ես չգիտեմ, ինչ բան կար սորանից թեթև։ Քո ասածը, թե հարկավոր է, որ մի քանի մարդիկ դուրս գային ու ճանապարհորդեին ամեն աշխարհ, ուր գտանվում էր հայոց ազգ և այնտեղ ամենայն ճշտությամբ արձանագրեին, ոչ միայն բնակիչների թիվը, այլև մի քանի վիճակագրական և տեղագրական ծանոթությունք, ես ընդունում եմ այո, և սրտով հավատում եմ, որ անարդյուն լինելու չէր մեր ուսումնական ազգայիններին, մինչև հայոց մոռացված գեղերի և քաղաքների մեջ ներս մտանելը, բայց առանց այդ ճանապարհորդության ևս կարող ենք մեր ներկա խնդիրը լուծանել, այսինքն իմանալ ազգի ստույգ քանակությունը։
Կատարյալ իրավունք եմ տալիս քո գաղափարին, թե թվի հետ հարկավոր էին և մի քանի վիճակագրական և տեղագրական ծանոթությունք, որպեսզի, եթե ժամանակով հոգ տարվելու լինի ազգին, իմանան հոգացողքը, թե ո՛ր տեղ ինչ էր պակաս կամ ավելորդ. տեղագրությունը նույնպես հարկավոր է, որ հոգացողքը կարողանան բնության երևույթներին հարմարել յուրյանց գաղափարը, որ պիտի ծառայեր ժողովրդին որպես աղբյուր նյութական շահաստացության։ Ըստ որում մեր ազգին, ուսման և լուսավորության հետքից հարկավոր է տալ և կանոնավոր տնտեսական, գյուղական և վաճառական գիտությունք, որպեսզի հաստատ հիմքերի վերա կանգնի նորա թե երկրագործությունը և թե վաճառականությունը։ Քայց արի՛ տես, որ մեծի քամակից գնալով, կարող ենք և փոքրը կորուսանել։ Ո՛վ է մեզանից ճանապարհ ընկնողը սարից սար և քարից քար, թե ինչ է, պիտի օգնե այս խնդրի լուծմանը, ո՛ր ուսումնականը մեր մեջ վիճակված է այնպիսի նյութական ապահովության, որ կարողանար այսպիսի զոհ բերել ազգին։ Հայք չունին ակադեմիա, ուսումնական ճանապարհորդք դուրս ուղարկելու համար։ Ավելորդ է ասելը, որ ներկայումս ազգի կարողքը լսել ևս չկամին մի այդպիսի բան, ուստի մտածում եմ, թե առայժմս պիտո էր ազգի թվովը միայն շատանալ, որ հեշտ, գրավոր ճանապարհով միայն, կարելի է հոգալ: