Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և եթե ծնողք չկամենան յուր ժամանակին ուղարկել յուրյանց զավակքը քահանային, սա իրավունք ունի դատավորի ձեռքով պահանջել։

Անտարակույս, միմիայն հայոց լեզու ուսանելր մի մեծ բան չէ, և դորանով դեռ ազգը չլուսավորեցինք, եթե հասանեինք ևս այդ նպատակին, բայց դա այն առաջին աստիճանն է լուսավորության սանդուղքի, որի վերա չկոխած, չէ կարելի հետևյալները կոխել։ Մեր ազգի մեջ ոչինչ չկա, ամենայն բան հարկավոր է նորից սկսանել. բայց թող չվհատվին փոքրոգի մարդիկ. թե բան չլինելով, այժմեն իսկ կորած էին հայերը, ո՛չ. նոքա կորած չեն, այլ միայն գտանվում են մի այնպիսի չար ճանապարհի վերա, որի վերջը կորուստ է։

Մարդկությունը մի խմորված վիճակի մեջ գտանվում է ներկայումս. մարդկության մեջ երևում է մեծ գործունեություն, մեծ շարժողություն. և այն ազգը, որ չկամեր ինքնուրույնաբար շարժվիլ և գործ կատարել, կուլ կերթա մի ուրիշ ավելի գործունյա և խելացի ազգության. ասացինք, ով ականջ ունի, թող լսե։

Մի կողմից քահանաներից պահանջելով ազգի զավակներին գրել կարդալ ուսուցանել, մյուս կողմից անհրաժեշտ են ազգային օրինավոր դպրոցների հիմնարկությունք։ Բայց այս րոպեիս ինչպես կարող են հիմնվիլ այդ դպրոցքը, մինչ ոչ արծաթագլուխ կա և ոչ վարժապետք։ Այս ևս մի ահավոր խնդիր է, որի լուծումը որքան դժվարին և անհնարին է երևում շատերին, դորա հակառակ մեզ շատ հեշտ։ Այստեղ հարկավոր է ազգի կամքը. եթե սա չէ մեռել կամ չէ դադարել ներգործելուց, և արծաթը կկանաչի և դաստիարակներ կերևեն։ Տարակույս չկա, որ այսպիսի դիպվածներում հարկավոր են վճռական հնարներ. կիսակտուր հնարները ոչ թե միայն չեն հասուցանում այս նպատակին, այլ մեծապես վնասակար են և՛ նյութական և՛ բարոյական կողմից։

Շատ անգամ բերանացի և նամակներով խոսած ենք զանազան մարդերի հետ մի ընդհանուր ազգային արծաթագլուխ գոյացնելու գաղափարի մասին. բայց մի այլ բան մեջ ընկնելով խափանառիթ է եղել այս խնդրի մշակությանը։ Ի՛նչ էր այդ այլ բանը. այն, որ մեք չգիտենք դեռևս մեր ազգի քանակությունը ստուգապես։ Այս բանի մասին ևս խոսքեր կան մեր մեջ և ճաշակ տալու համար մեր ընթերցողներին, թե ինչ բարեխղճությամբ աշխատում էին մի քանի երիտասարդք այս խնդրի վերա, մեջ հմ բերում մեր բարեկամներիցս մինի նամակը, որի բովանդակությունը հարգելի է մեզ, թե խնդրի վսեմության և թե այդ խնդիրը լուծանելոլ մասին դյուրին ճանապարհներ մեջ բերելու համար։ ԱՀա՜ այդ նամակի բառացի պատճենը։