Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրորդ, ձեր այդ ընթացքով ցույց եք տալիս ձեր թուլությունը հայկական դպրության մեջ։ Խորենացին վերադառնալով Ալեքսանդրիայից չգտավ Հայաստանը այն վիճակի մեջ, ինչ վիճակում բարյա՛վ մնա էր ասել նորան։ Արշակունյաց թագավորությունը և հայրապետությունը Լուսավորչի տնից վերջացել էին, երբ նա մեծամեծ հույսերով ոտք էր կոխում Հայաստան, հունական լուսավորությունը տարածելու, և պատահելով ազգի իշխանների անսիրտ ընդունելությանը և հոգևորների կոպիտ, խավարասեր հալածանքին, ամենայն արդարությամբ պիտո է գրեր, մանավանդ Խորենացու պես երկնաքաղաքացի և տոնելի մարդը։ Նա բացի այդ ողբից նզովք ևս գրել է հայոց կաթողիկոսների վերա, որ աբեղաների ձեռքով ոչնչացուցած է երևում, ինչպես և մյուս նորա գործը «Շարք կաթողիկոսաց» անունով. խնդրեմ կարդացեք Ղազար Փարպեցու նամակը, որ գրում է Մամիկոնյանց տիրոջ Վահանին (տպած Մոսկվա, 1853)։ Դուք կտեսանեք այնտեղ, որ հայոց աբեղայքը մինչև ի մահ հալածելուց հետո և մահից զկնի չեն հաշտվում այն պատկառելի ծերունու հետ, սեղանապիղծ ձեռքով մոտենում են նորա խնկելի ոսկրներին և հանելով գերեզմանից թափում են ջրի մեջ։ Այստեղ ավելորդ չէ խնդրել ձեզանից, որ հայտնեք նույնպես, թե դուք ո՞ր ժամանակից սկսանում եք ձեր տարեգրությունը, որ Խորենացուն շինել եք չորս հազար տարեկան․ սովորական տարեգրությանը նայելով, նա դեռևս հազար երեք հարյուրի և հազար չորս հարյուրի մեջ է, որովհետև այդ մեծարգո հիշատակի արժանի մարդը կեցած է 370-489 Քրիստոսից հետո։

Եվ այսպես, պ․ Իսահակյանց, մեք ավարտում ենք մեր նկատողությունքը, որ գուցե թե անախորժ թվին ձեզ, և եղբայրական (եթե միայն հաճիք ընդունել) խորհուրդ ենք տալիս ձեզ բան գրելու ժամանակ չպատկանել այս և այն հակառակող բաժիններին, խոսել սառն հոգով, և հավատարիմ մնալով լոգիկական կանոններին։

Բացի այս նամակակցութենից ուրիշ արժանի ուշադրության բան չէ կարող այսօր զարդարել իմ Հիշատակարանը։ Ներողություն, պիտո էր այստեղ գրել այն խոսակցությունը, որ պատահել է մի շինականի և մի վաճառականի մեջ։

Շինականը.— Պարո՛ն, քաղաք մտանելով տեսանում եմ բարձր տների վերա ձողեր, որոնցից վայր է գնում մինչև գետինը մի երկաթի լար, դոքա ինչացո՞ւ են։