Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզ խոստանում էին մի բարեհաջող նավարկություն: Թե մեկ օր վաղ և թե մեկ օր անագան, ոչինչ. բայց մեք հասանք Բարի հուսո սարավանդին, ուր սովորաբար հանգիստ են առնում Եվրոպայից դեպի Հնդկաստան ճանապարհորդ բոլոր վաճառական շոգենավերը: Այնտեղ գիշերեցինք և արևածագին ճանապարհ ընկանք միևնույն հաջողությամբ, միևնույն վստահությամբ և միևնույն հաստատ հուսով, որ այս տարի մեր ապրանքը ամենից շուտ հասանելով Հնդկաստան, պետք է որ մեք ևս ամենից շատ օգուտ քաղենք։ Մեր հույսերը անշուշտ պսակվելու էին. բայց երբ որ մի քառորդ ժամու ճանապարհ էր մնում մինչև ոսկեծին Գանգեսի գետաբերանը, որ արևմտյան Հնդկաստանը երկու մասն բաժանելով վազում է և վիշապորեն հառաջ խաղալով թափվում է Բենկալի ծոցը, և ահա՛ արևմտքում դիզված սև սև ամպերը ծածկեցին արևը մեր աչքից։ Մեք ընկղմվեցանք մի խոր գիշերի մեջ։ Կայծակի ահավոր փայլատակությամբ հազիվ տեսանում էինք միմյանց, հազիվ նշմարում էինք մեր չորս կողմի եղած նյութերը, հազիվ նկատում էինք Հնդկաստանի անձկալի ափերը։ Սանձակոտոր հողմերի սոսկալի շառաչյունքը, հորդահոս անձրևի մեծ կաթիլները և որոտման գոռոց գոչյունը, ասեիր թե կամենում էին կործանել մեր գլխին երկնքի մշտնջենավոր սյուները։ Կատաղի ալիքները, որոնք մինչև այն ժամանակ խաղաղ ափերի վերա քնած էին, հողմի սարսափելի ձայներից արթնացած, մոլեգնաբար հարձակվում էին մեր վերա և դիպչելով շոգենավի կողերին, խորտակվում էին մռնչելով։ Մեզ առավել սարսափեցնողը մեր ողորմելի դրության մեջ այն էր, որ սովորականից դուրս սաստիկ փչող հողմերը երբեմն մեր շոգենավը լեռնաձև կոհակների վերա դեպի երկինք էին բարձրացնում և երբեմն ճեղքում էին ծովի անչափելի ջրադաշտը և մեզ անփախչելի մահ սպառնալով, խորասուզում էին նորա անդունդի մեջ։ Այսպես, տեսանելով մեր անձը ամեն կողմից պաշարված և օրհասի գրկի մեջ, արտասվալից աչքով աղոթեցինք առ երկնավոր հայրը և մեր կյանքի փրկության հույսը դրեցինք նորա վերա։ Իմ բոլոր ընկերները սրտաթափ էին եղած, նավապետը երկյուղից սասանված էր, բայց ես չէի տակավին կորցրել իմ հոգու արիությունը. ես, որ ինչքան վտանգը մեծ տեսանեմ, այնքան ևս սրտապնդություն եմ ստանում, խրախուսեցի ընկերներս, և քաջալերեցի ահաբեկված նավապետը, թնդանոթ արձակել, որ նշան տրվի, թե մի նավ վտանգի մեջ էր և օգնության կարոտ էր։ Բենկալայի և մոտիկ ծովեզրյա բնակիչները բազմությամբ դիմում էին ծովի ափը ականատես լինելու այս ահավոր տեսարանին։ Ամենեքյան ողբում էին մեր կորուստը։ Միայն հինգ անձը կային այն