Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յոթն օրավար հողի արդյունքը և այն գեղեցիկ տուները, որ ունի նա Քուեպեքի մեջ, խաբված քահանայապետի սիրո առ նա շնորհն են։

Բայց թո՛ղ սոքա մնան մի փոքր լռության մեջ, տեսանենք դորա ապաշնորհությունը ուրիշ բաների մեջ։

Սա լինելով խորհրդական անդամ գործարանումը և ունենալով այնտեղ մեծ կշիռ և տեղիք կարդինալի մոտ, պետք է ազգի հարկավորությունքը ուշադրության տակ ձգեր, և ամենայն ջանքով աշխատեր գործարանի դեպի վատը հեղափոխության առաջքը առնուլ, եթե նա հիրավի բարեմիտ և բարեխորհուրդ մարդ էր. այս մեկ։

Երկրորդ, եթե սա լիներ ողջամիտ անձն, պարտ էր նախապատիվ համարել ազգի օգուտը, քան յուր սեփականը և երբեք հանձն չառնուլ, ուր մնաց ինքնին աշխատել և գործակից լինել կարդինալին հեռացնելու գործարանից այն ամենահարկավոր մարդը, և նորա տեղ կարգելու մի վատահամբավ մարդ, խայտառակություն գործարանի անվանը և նախատինք նորա երանելի հիմնադրի սուրբ հիշատակին։ Երրորդ, եթե վատթար կեղծավորության դիմակի տակ ման եկող հոգի չէր, ապա քահանայապետի կենդանության ժամանակը պետք չէր այնքան չափազանցորեն գովել նորան թե գրով և թե խոսքով, մինչև անգամ նորան մի նոր Մեծ Կարոլոս ասելով Հռոմի բարեբաստության համար, պանծալի նահատակ հայրենիքի, անդրդվելի սյուն հռոմեական եկեղեցվո, և ուրիշ այսպիսի տարապայմանությունք, իսկ նորա մահից հետո նորան բարբարոս, չարանախանձ, անարժան քահանայապետության և ուրիշ այսպիսի անտեղի խոսքեր մեկ մեկու վերա բարդել, և այն, դեռևս ողջակիզի մարմինը մահվան օթևանի մեջ չամփոփված։ Ո՛վ դժոխային կիրք։ Դիցո՜ւք թե նա կարծում էր, թե պապը անիրավություն է արել նորան, որ չէ դատապարտել այնպես, ինչպես կպահանջեր արդարադատությունը, բա՛ նորա այնքան ցույց տված բարեկամությունը, խնամքը և սերը չպե՞տք է հաներ դորա մտքից այն դավաճանության մթերքը, ի՜նչ եմ ասում ես, նա խոստացավ մինչև յուր կյանքի վերջին ժամերը հայհոյել քահանայապետի ոսկերքը։ Արդեն պապի նույնիսկ մահվան օրին նա գործարանումը բազմաթիվ պաշտոնակիցների մոտ խոսում էր այսպես. հո՞ մեռավ պապը, այսուհետև հո՞ չէ՜ կարող ոչինչ առնել, այսուհետև հո՞ կխոսեմ նորա վերա համարձակ։ Եթե այս ճշմարտությունը կուրանան նորա բազմաթիվ պաշտոնակիցքը, վախենալով դորա վրեժխնդրութենից, ճշմարտության համար արյուն թափող նահատակը