Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնտեսական և այլն, ուղղակի կախում ունեին կենտրոնական վարչությունից և չէին կարող ձեռնարկել կարևոր որևէ բան՝ առանց սրա թույլտվության։ Ազգը, որ վաղուց էր կամենում ունենալ այդպիսի մի Կանոնադրություն, լիովին բավարարված էր, և Կանոնադրության գրեթե երկամյա գոյությունը արդարացրեց նրա հույսերը։

Իրերի այս վիճակը չէր կարող դուրեկան լինել մի քանի անձանց։ Բայց նրանք չէին կորցնում գեթ քաղաքական ժողովի անդամ լինելու հույսը, իսկ մյուս կողմից, աչքի առաջ ունենալով իրենց սահմանափակ թիվը, չէին կարող որևէ միջոցի դիմել հակառակելով ընդհանուր ձգտման։ Մինչդեռ ազգը, որ բացառապես վատթար վարչությունից ազատվելու համար էր սահմանել այդ կարգը, պատգամավոր չընտրեց հիշյալ անձերին, որով ոչ միայն քաղաքական ժողովի անդամ լինելու միջոցից զրկվեցին սրանք, այլև վիրավորված զգացին իրենց՝ նկատելով ազգի ակնբախ արհամարհանքը և նույնիսկ՝ ատելությունը։

Երկու տարվա ընթացքում Կանոնադրության բնական հաջողությունը, սրա շնորհիվ ասպարեզից հեռացված անձնավորությունների ամենօրյա դատապարտելի ներշնչումները վերջիվերջո կեղծ դրության մեջ դրին Դուռը՝ թե՛ Կանոնադրության և թե՛ հայ ազգի վերաբերմամբ։ Բայց Կանոնադրության մեջ չկար որևէ բան, որ կարող լիներ փոխել հայերի առ Դուռն ունեցած հպատակությունը, քանի որ այն վերաբերում էր միայն հայ ազգի ներքին ու կրոնական գործերին։ Ուստի և Դուռն հնարավորություն չուներ ձեռնարկելու սահմանված կարգի բացահայտ ոչնչացմանը, որ իսկապես անվնաս մի բան էր անգամ իր համար։ Նա սպասում էր միայն մի առիթի, երբ որ կարելի կդառնար՝ միջամտելու հայերի ներքին գործերին, ոչնչացնելու Կանոնադրությունը և հայկական բոլոր գործերը ձգելու նախնական այն քաոսի մեջ, երբ իր հարուստների ձեռքով թալանված ու ճնշված ազգը միջոց չէր ունենա ոչ բարոյական, ոչ մտավոր զարգացման։

Այս ծրագրի իրագործման առիթ դարձավ անցյալ տարում մեռած Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղը հայոց նոր պատրիարք ընտրելու հարցը: Հայ ժողովուրդը պատրիարք էր ընտրում Թուրքիայի ողջ վանական հոգևորականության միջից, բայց ահա Երուսաղեմի վանականները, Դռան ներշնչումով, խռովություն առաջացրին ազգի մեջ, պահանջելով, որ ապագա պատրիարքն ընտրվի բացառապես Երուսաղեմի միաբանների միջից։

Այդ պահանջը հիմնում էին նրանք ինչ-որ մի կարծիքի բացարձակապես վնասակար ավանդության վրա, որին բռնադատորեն ինչ-որ