Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշանակություն էին տալիս նրանք։ Այդ ավանդությունը եկեղեցական մի կանոնադրություն չէ. այն սկիզբ չէ առնում որևէ ժողովից, այլ Երուսաղեմի վանականների մի հորինվածք է և իբր հավանություն է գտել էջմիածնի ծայրագույն պատրիարք Կարապետ Ուլնեցու կողմից։ Այդ ավանդության ծագման և հանգամանքների մասին խոսք կա միայն XVIII դարի Երուսաղեմի վանականներից մեկի, Հաննայի, տարեգրության մեջ։ Այդ տարեգրությունը հրատարակվել է Երուսաղեմի վանականների ձեռքով 1779 թվին․ այդ հրատարակության մեջ նրանք ավելացրել են ավանդությանը մի նզովք, որ չի եղել նույնիսկ Հաննայի բուն ձեռագրում։ Բացահայտ մի կեղծիք էր այս, որ չի կարելի արդարացնել ոչնչով։

Կ. Պոլսի հայոց նախկին Սարգիս պատրիարքը սկզբում, հաշվի առնելով ազգի ընդհանուր ցանկությունը և աչքի առաջ ունենալով Երուսաղեմի ավանդության խախուտ լինելու հանգամանքը, երկու արքեպիսկոպոսի ու կրոնական ժողովի հետ միասին սեփական ստորագրությամբ ազդարարեց բարձրաբարբառ թե՝ այդ ավանդությունը ուշադրության արժանի բան չէ և թե՝ կարելի է պատրիարք ընտրել դրսեցիներիդ:

Այն ժամանակ վերոհիշյալ մի քանի անձերը, նկատելով, որ զինաթափ են լինում, գործ դրին ամեն տեսակի ջանքեր, Սարգիս պատրիարքին հակառակ համոզմունքի բերելու համար, և այդ նրանց հաջողվեց միանգամայն։ Նրանք հրավիրեցին պատրիարքի ուշադրությունը Դռան ունեցած շահագրգռության վրա, այլև հայտնեցին, որ սպասվում է ավանդության վերահաստատումը ծայրագույն պատրիարքի կողմից, որի մոտ այդ նպատակով հատուկ սուրհանդակ էր ուղարկվել Երուսաղեմի նույն այն Իսահակ վարդապետը, որին վանականները կամենում էին պատրիարք ընտրել։ Իսկ Սարգիս պատրիարքը, հակառակ կուսակցության կողմն անցնելով, պաշտոնապես վավերական հայտարարեց ավանդությունը և սկսեց քարոզել, թե ապագա պատրիարքը պետք է ընտրվի բացառապես Երուսաղեմի վանականների միջից։

Դուռը ակնբախ շահ ուներ պաշտպանելու ավանդությունը. լավագույն միջոցն էր այդ, որպեսզի թույլ չտրվի հայերին՝ պատրիարք ընտրելու Ռուսաստանում գտնված հայ հոգևորականության միջից։ Որպեսզի կարողանար հարկադրել ազգին վավերական ճանաչելու ավանդությունը, նա կարողացավ Մատթեոս կաթողիկոսի մերձավորների օժանդակությամբ հավաստել տալ ավանդությունը։ Հայտնի է բոլորին, թե որպիսի զայրույթով դիմավորեց ազգը կաթողիկոսի թուղթը։ Ազգն արգելեց նույնիսկ թղթի ընթերցումը եկեղեցիներում, և երբ անհնազանդ