Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է սահմանափակվեր ուղղումներ մտցնելու այն հոդվածների մեջ, որոնք հակառակ կերևային թուրք կառավարության ընդհանուր ոգուն։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ նա հանձնաժողովին գաղտնի ցուցում տվեց՝ զանազան հապավումներով ու հավելումներով փոփոխելու ըստ կարելույն Կանոնադրությունը և ի վերջո մուծելու նրա մեջ այնպիսի բաներ, որոնց դեմ վերջին դեպքերի ընթացքում շարունակում էր բողոքել ազգը։

Այս կարծիքը հավաստվում է նաև նրանով, որ հանձնաժողովը, հավատարիմ մնալով Դռան ցուցումներին, գրեթե լիովին ոչնչացրեց Կանոնադրության էական մասերը, այնպես որ իր ներկա կերպարանքով Կանոնադրությունը ոչ միայն ետ է վերցնում Խաթթի-Հյումայունով շնորհված իրավունքները, այլև այն իրավունքները, որ վայելում էին հայերը նախքան այդ մանիֆեստը։ Հանձնաժողովը ավարտել է հիմա իր նիստերը, և նրա կազմված նոր Կանոնադրությունը թարգմանվում է թուրքերեն՝ հաստատման նպատակով Դռան ներկայացնելու համար։

Հետևյալ կետերը կարող են մերկացնել հանձնաժողովի վարքագիծը։

1. Կենտրոնական քաղաքական ժողովը վաղուց ի վեր բաղկանում էր քսան անդամից, մի բան, որ ոչ միայն սահմանված էր Կանոնադրությամբ, այլև հաստատված Դռան կողմից, ինչպես այդ տեղի ունեցավ նաև վերջին անգամ, երբ Կանոնադրության հիման վրա քաղաքական ժողովի անդամների ընտրություն կայացավ։ Այժմ, ըստ նոր Կանոնադրության, նույն ժողովը պետք է բաղկանա տասներկու անդամից, որոնցից յոթը որպես մեծամասնություն կարող են բաց անել նիստերը և չորսի համաձայնության դեպքում վճռել հարցերը։

2․ Նախքան Կանոնադրությունը և Կանոնադրությունից հետո, հայ ժողովուրդը Դռնից անկախ, ընտրում է Կ. Պոլսի պատրիարք, բայց հիմա, ըստ նոր Կանոնադրության, կենտրոնական քաղաքական ժողովը պարտավորվում է ուղարկել Դռանը բոլոր եպիսկոպոսների ցուցակը, և Դուռը, նշելով դրանց մեջ քաղաքականապես կասկածելի անձնավորություններին, ուղղակի հանում է նրանց ընտրելի եպիսկոպոսների ցուցակից։ Պատրիարք ընտրվելու իրավունքից զրկող խիստ կասկածանքի տեղիք են տալիս նրանք, ովքեր որ հարում են Ռուսաստանի կողմը։ Այս մասին պարզ խոսում են Դռան պաշտոնյաները, ինչպես նաև Երուսաղեմի վանականները։ Այդպիսի կասկածանքի տակ են արդեն Գևորգը (Կ. Պոլսի նախկին պատրիարքը, որը Բրուսսայումն է հիմա) և Արիստակեսը (Ադրիանապոլսում)․ մինչդեռ հայ ազգը ներկայիս հազիվ