հետո պիտի պատերազմեին և մի հինցած նախապաշարմունքի ընդդեմ և այս նախապաշարմունքը էր դերասանների և դերասանուհյաց մասին հասարակության թյուր և սխալ կարծիք ունենալը։
Այն մա՛րդը միայն կարող է նախապաշարյալ հայացք ունենալ թատրոնականաց վերա, որ կարծում է, թե թատրոնը մի տեղ է, ուր զվարճանալու համար միայն երթում են մարդիկ. բայց մի՞թե այդ է թատրոնի բուն և էական խորհուրդը։
Թատրոնի բեմը ստոր չէ ուսումնական ամբիոնից․ թատրոնի բեմն է այն աթոռը, ուր նստում է փիլիսոփայությունը և մարմնավորելով բանը կենդանի, գործնական գաղափարներով և օրինակներով, ազատում է հասարակությունը այդ գաղափարքը երևակայությամբ միայն ըմբռնելու աշխատութենից. թատրոնի բեմն է այն բարոյական ահեղ դատաստանը, ուր արդարությունը և հանցանքը, առանց աչառության, ստանում են յուրյանց արժանի հատուցումը։ Մարդկային բանականությունը միայն այդ բեմին է տվել այն կախարդական մեծ զորությունը, որ մի ակնթարթում ցոլացնում է բոլոր հանդիսականների սրտի մեջ, ուրախություն, տրտմություն, զարմանք, զմայլանք, ցավ և կարեկցություն։ Մի խոսքով այդ բեմը տիրում է մարդու բոլոր հոգեբանական կարողութեններին։
Չկա մարդ, որի վերա ազդեցություն չգործե թատրոնը, չկա մարդ, որ չկարողանա մի օգուտ քաղել այն օրինակներից, որ մարդկային կյանքի փորձերի որպես հետևանք դրված էին թատրոնաբեմի վերա: Նա մի նոր տեսակ դպրոց է, ուր ուսանում են ամեն հասակի մարդիկ: Նա ուսուցանում է գեղեցիկ հայախոսություն, նա մշակում է լեզուն և աննկատելի կերպով ներս է բերում ազգի մեջ ընտիր ոճեր և ազդու դարձվածներ։ Նա չէ միայն ազնվացնում հասարակության գաղափարքը, այլ և ցույց է տալիս առաքինության վսեմությունը, մոլության վատթարությունը. առաջինին խրախուսելով և երկրորդից զգուշացնելով և ոչ միայն այսչափ, նա քրքրում է ընտանեկան կյանքը, քննում է նորա և ամենանուրբ կողմերը, և մերկապարանոց դնում է հասարակության դատաստանի առաջև։
Բայց այն րոպեին, հասարակության մնում է միայն ընդունել մինը և մերժել մյուսը․ քանզի արդեն համոզված է, քանզի քվեն ձգված է։ Հասարակության սիրտը և զգացմունքը, ախտակից լինելով անցքին, զուգահեռաբար երթում էին գործողության հետ. դերասանների ցույց տված ախտերը և կիրքերը արդեն բացարձակվել էին հասարակության ջիղերի վերա։