Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասարակությունը գիտե այս, քանզի զգում է, քանզի մարդ է։ Եվ թատրոնի մեջ նա մոռանում է յուր նախապաշարմունքը դերասանների և դերասանուհյաց ընդդեմ, նա շատ անգամ պատրաստ է դափնիներով պսակել այնտեղ այդ նվիրական տաճարի քուրմերը և քրմուհիքը. այո՛, և պսակում է իսկ այո՛, և չէ խնայում յուր կոկորդը կեցցե՛ներ գոռալով, չէ խնայում յուր ձեռքերը և ձեռնոցները, որ շատ անգամ մի երեկոյի մեջ պատառոտվելով անպիտանանում են կատաղի ծափահարութենից։ Ի՞նչ է սորա պատճառը։

Թատրոնի մեջ անկեղծ է հասարակությունը։ Թատրոնի դուռի մոտ ցած է դնում դեմքից այն դիմակը, որ աշխարհի սուտ դասակարգությունքը դրել են նորա երեսի վերա. նա որպես մի օտար աշխարհ մտանում է թատրոնի մեջ վկա լինելու միայն մի անցքի, մի գործողության, որից մի վնաս գալու չէր նորա անձնական շահին։

Բայց թատրոնից դուրս գնալու ժամանակ, երբ պիտի մտանե դարձյալ յուր ատմոսֆերի մեջ, չէ մոռանում յուր հետ առնուլ յուր դիմակը. դարձյալ դնում է աչքին տեսությունը խարդախող ակնոցները և ահա դերասանը և դերասանուհին փոքրանում են, ստորանում են նորա աչքի առաջև։

Ամենափո՛քր է նա, որ ուրիշին համարում է փոքր և ամենաստոր, որ յուրյան համարում է բարձր ուրիշ մարդերից։

Այսպես լինելով բաների կարգը, ի հարկե ոչ ոք չէ ցանկանում հանդես գալ թատրոնաբեմի վերա, քանի որ այնտեղ ոտք կոխողը գրեթե հասարակաց անարգության պիտի հանդիպի։ Եվ միթե պակա՞ս քաջություն հարկավոր է, հասարակաց մի սխալ կարծիքը ոտքի տակ կոխելով, նույն այդ հասարակության էական օգտին սպասավորելու համար. միթե հաջողության մեծությունը նորա արգելքների և խափանների մեծությամբ չէ՞ չափվում։ Միթե շա՞տ մարդիկ կան, որ, հասարակաց սխալ կարծիքը արհամարհելով, պիտի կարողանային ցույց տալ յուրյանց մեջ այս բարոյական ույժը, որ հետո նույնը քնքուշ սեռից հուսալու իրավունք ստանայինք։

Ո՛հ, դեռ շատ ժամանակ հարկավո՛ր է, որ պարզվի մարդու պղտոր տեսությունը։ Քրիստոնեական, կատարյալ հավասարություն քարոզող վարդապետությունը, որ մեծ լինել ցանկացողին խրատում է ամենից փոքր լինել, այն վարդապետությունը, որի հեղինակը յուր աշակերտների ոտքը լվանալով մերժում է և հիմնի ՚ի վեր տապալում է ամենայն իշխանական և ծառայական առնչության սկզբունք, հանապազօրյա փորձերից և էական պիտույքներից հետևեցած փիլիսոփայությունը, որ