Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նրա ազգային֊քաղաքական լիարժեք կյանքի ստեղծման կարելիությունը։ Այդ նպատակին հասնելու համար բավական չէր Նազարյանի հրապարակախոսական հոդվածների ազդեցությունը ընթերցող հասարակության վրա։ Կենսական այդ պայքարում հաջողության հասնելու համար զգացվում էր հրապարակախոսական նոր միջոցների օգտագործում։ Եվ ահա՝ Միքայել Նալբանդյանը պայքարի դաշտն է իջնում հրապարակախոսական֊գրական ուրույն ժանրի մի գործով՝ «Հիշատակարանով», որով իրենց հակառակորդներին նա պետք է խարաներ բանավիճային պայքարի հզոր միջոցներով։ «Հիշատակարանն» այս առումով, հիրավի, պատմական դեր խաղաց։ Նշանավոր այդ երկը Նալբանդյանն ստորագրում է Կոմս Էմմանուել գրական կեղծանունով, որով մինչ այդ՝ «Հյուսիսափայլի» աոաջին համարներում, արդեն ստորագրել էր չորս բանաստեղծություն (էմմանուել՝ եբրայերեն Emmanuel անունից, որ նշանակում է «աստված է մեզ հետ»)։

Կոմս էմմանուելն այստեղ ներկայանում է որպես նոր ժամանակների լուսավորականության գաղափարները կրող մի գործիչ, որը պատրաստվում էր հրապարակային քննության առնելու ազգային խնդիրները, ծառայելու «ազգի ճշմարիտ օգտին և դաստիարակությանը»։ «Հիշատակարանն», այսպիսով, մուտք է գործում հայ հասարակական կյանք՝ իբրև գաղափարական պայքարի մի հատու զենք, ազգային առաջադիմության պաշտպանության միջոց։ Հետևողականորեն արծարծելով ու տարածելով լուսավորական-դեմոկրատական իր գաղափարները, Նալբանդյանը հայ ժողովրդին հաղորդակից է դարձնում նոր ժամանակների քաղաքակրթության լույսին, բորբոքում նրա ազգային արժանապատվությունը։

Կոմս էմմանուելը հանդես է գալիս որպես մեծ հայրենասեր, որի համար չկար այլ մի կոչում, գործունեության այլ ասպարեզ, անձնական այլ մի նպատակ, քան սեփական ազգի վշտերի ու տառապանքների ամոքումը, նրա ազգային-մշակութային կյանքի զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ի վերջո, նաև ազգի սոցիալական ու քաղաքական ազատությունը։ Կոմս էմմանուելն այրվում է ազգային կյանքի շահախնդրություններով, որոնք դարձել են նրա կյանքի իմաստը, հոգին, ողջ էությունը։ Ռչինչ նրան չի գրավում. ո՛չ եվրոպական մայրաքաղաքների շքեղությունը, ոչ դրանց փառավոր կյանքը, քանի որ մշտապես նրա աչքի առջևն են «ավերակ Հայաստանը, ցիրուցան ժողովուրդը, անդաստիարակ և նյութապաշտության հոգով գործականապես տաշված ազգի զավակները» (տե՛ս սույն հատորում, էջ 134)։

XIX դարի 60-ական թթ. հայ լուսավորիչների գործունեության հիմքում ընկած էր ազգի անդամների ընդհանուր լուսավորության ծրագիրը, որի անբաժան մասն էր կազմում ազգային դպրոցների ստեղծման գործը։ Թե՛ Նազարյանը, թե՛ Նալբանդյանը մեծ նշանակություն են տվել աշխարհիկ դպրոցների հիմնադրմանը, դրանց հաջողության առաջին պայմանը համարելով եվրոպական կրթական սիստեմի չափանիշների ընդօրինակումը։ «Հիշատակարանում» Նալբանդյանը բազմիցս անդրադառնում է այս հարցին, վեր է հանում գոյություն ունեցող դպրոցների թերությունները, ամբողջական ծրագրեր մշակում ապագա ազգային դպրոցների համար։ Սրան զուգընթաց նա մեծ ուշադրություն է նվիրում ընտանեկան դաստիարակությանը և կանանց դերին՝ այս հարցում։

Կոմս էմմանուելը պրոպագանդում է գիտության ու մշակութային կյանքի նորույթները, հայ ընթերցողին հաղորդակից դարձնում ժամանակի գիտական մտքի նվաճումներին։ Նա ժամանակ է գտնում գնահատելու իր օրերին Ռուսաստանում և արտասահմանում տպագրված հայ գրական երկերը, ցույց տալիս դրանց տեղը հայ նոր գրականության զարգացման ընդհանուր շարժման մեջ. հիշատակում է նոր հիմնադրված թերթերն