ու հրատարակությունները, խրախուսանքի խոսքով ոգևորում հայ գրական գործիչներին ու հրատարակիչներին, մատնանշում նրանց գործի օգտավետության չափը և կամ վրիպումները։
Կոմա էմմանուելը, թեև հպանցիկ, քննարկում է և հայ ժողովրդի ազատագրական պայքարի կազմակերպման հետ կապված հարցերը։ Հայ ժողովրդի թվաքանակի ճշգրտման նրա պահանջը, Հայաստանի վերաբերյալ վիճակագրական և տեղագրական նյութերի ձեռքբերման հետ կապված խորհրդածությունները խոսում են դրա օգտին։
Նալբանդյանին մեծապես զբաղեցրել է իր ժողովրդի մշակութային կյանքի զարգացման հեռանկարը։ Կարևոր հարցադրումներ ու ծրագրեր է առաջադրում նա հայ մտավորականությանը՝ ազգային գիտական պատմություն ստեղծելու, հին մատենագրության նմուշները որոնելու, դրանք տպագրելու և հետազոտելու ուղղությամբ։ Հայ ազգային կյանքի վերածնունդի շահագրգռությամբ էլ նա քննադատում է հակապատմական, հակագիտական այն աշխատությունները, որոնք հրապարակ էին իջնում գիտության հետ կապ չունեցող անձանց ջանքերով։
Երկրագործության միջոցների բարելավում, հայ վաճառականների առևտրական ձեռնարկումների կատարելագործում, առանց միջնորդների՝ ուղղակի կապերի հաստատում եվրոպական առևտրական տների հետ, երկրի ոչ միայն մտավոր, այլև տնտեսական բարգավաճման ապահովում,— այսպիսին է Կոմս էմմանուելի շոշափած խնդիրների ոչ լրիվ ցանկը։ Սակայն «Հիշատակարանի» կենտրոնակետը մնում է ազգային կյանքի առաջընթացի նկատմամբ հեղինակի դրսևորած բուռն հետաքրքրությունը, նրա բուռն սերը ժողովրդական զանգվածների նկատմամբ և մտահոգությունը իր ժողովրդի կյանքի բարվոքման համար։ «Մեր սիրտը լցված է արյունով.— ինքնաբնութագրման մարգարեական տողեր է թողել Նալբանդյանը,— մեք այստեղ չենք ծառայում մեր ախտերին, ինչպես մի քանի գիշերադեմ մարդիկ հայհոյեցին մեզ, այլ սպասավորում ենք ազգի օգտին. գուցե մեղավոր ենք նորանով, որ մեր աչքի առաջև են հայոց ազգի համար, սորանից հարյուր տարի հետո գալոց օրերը.․․» (տե՛ս սույն հատորում, էջ 172)։
«Հիշատակարանը» Նալբանդյանին հնարավորություն է տվել դրսևորելու հմուտ լրագրողի իր անբասիր ունակությունները, և, մասնավորապես, բանավիճային արվեստի տաղանդը։ Այս իմաստով իրենց տրամաբանական ուժով և խոսքի սրությամբ ուշագրավ են «Մեղու Հայաստանի» թերթի դեմ գրված բանավիճային ելույթները, բանակռիվը՝ Շամիլի հետ, Խուդաբաշյանի գրքի գրախոսությունը և այլն։ Նալբանդյանն օր֊օրի բացահայտում էր հայ հասարակական կյանքում դեռևս հարատևող կեղծ հայրենասիրական գաղափարախոսության սնոտի էությունը և երգիծանքի ամենակարող միջոցներով դատափետում այդ գաղափարախոսության մունետիկներին։
«Հիշատակարանում» մեծապես օգտագործելով ծիծաղի և ծաղրի միջոցները, Կոմս էմմանուելը հասնում է աննախադեպ արդյունքների։ նրա հակառակորդներն ընթերցողին են ներկայանում իրենց բարոյական սնանկությամբ, գիշատչական կրքերով, հասարակական գործունեության ասպարեզի իրենց ապիկարությամբ։ Աշոտ Հովհաննիսյանի դիպուկ բնութագրմամբ՝ «Ծաղրն ու քրքիջը, տիրողների այլանդակ կերպարները թովչանքի լուսաշող գագաթներից իջեցնում էին հասարակական պատասխանատվության գորշ հրապարակը։ Գրոտեսկը պիտի ցույց տար երևույթի անբնական, անտրամաբանական էությունը, հուշելով ընթերցողին այն հաղթահարելու անհրաժեշտությունը» («Նալբանդյանը և նրա ժամանակը», գ. I, 1955, էջ 184)։
Երգիծանքի հետ մեկտեղ Նալբանդյանը 60-ական թվականների գրական-քաղաքական