Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայքարում իր հակառակորդներին բարոյապես ոչնչացնում էր բանավիճային պայքարի բազում միջոցներով: Նրա բանավիճային ելույթները, որոնցից շատերը ցրված են «Հիշատակարանի» էջերում, աչքի են ընկնում բարձր քաղաքացիականությամբ, համոզմունքների ներդաշնակությամբ, հակառակորդի հայացքներում խոցելի կետերն անվրեպ նշմարելու և հզոր տրամաբանությամբ դրանք ջախջախելու հմտությամբ։

Ինչպես բազմիցս նշել են նալբանդյանագետները, «Հիշատակարանի» մեծագույն նվաճումներից է Կոմս էմմանուելի գրական ամբողջական կերպարի ստեղծումը։ Ժամանակի դեմոկրատական մտավորականությունը մի քանի տարի շարունակ հնարավորություն ուներ «Հյուսիսափայլի» միջոցով հիանալու այդ գրական կերպարի անսահման հայրենասիրությամբ, ազգային կյանքի վերածնունդն արագացնելու նրա բուռն ջանքերով, հասարակ ժողովրդին «խավարի թագավորությունից» բարձրացնելու նրա անօրինակ կամքի՝ մերթ ամպրոպային ուժի, մերթ էլ քնարական դրսևորումներով։

Կոմս էմմանուելի «Հիշատակարանը» Ա. Հովհաննիսյանը համարում է իր ժամանակի հայ դեմոկրատական մտավորականության հոգեկան կենսագրությունը, «խտացած մի մարդու մեջ, որի երգիծանքը և ռեալիզմը ոչ միայն անդրադարձնում էին նրա հոգու դառնությունն ու վիշտը, այլև դրսևորում պայքարելու և հաղթանակելու նրա մեծ վճռականությունը» («Նալբանդյանը և նրա Ժամանակը», գ. I, էջ 192)։

Ավելի քան երկու տարի տպագրվել է «Հիշատակարանը», հուզել ժամանակակիցների մտքերը, խանդավառել դեմոկրատական սերնդի հայ գործիչներին և անդառնալիորեն փշրել կղերաֆեոդալական հոսանքի գաղափարախոսների հեղինակությունը։

Հայ բանասիրության մեջ շատ է խոսվել «Հիշատակարանի» ներգործուն մեծ ուժի, նրա, իբրև գրական-հրապարակախոսական հուշարձանի, բացառիկ նշանակության, նրա պարունակած ձևերի ու ժանրերի հարստության և գեղարվեստական արժանիքների մասին (տե՛ս Աշ. Հովհաննիսյանի, Խ. Սարգսյանի, էդ. Ջրբաշյանի, Ս. Դարոնյանի և այլոց աշխատությունները)։ «Հիշատակարանում» լիուլի դրսևորվել են Նալբանդյանի գեղարվեստական մտածողության ամբողջականությունն ու միասնությունը։ Այդ միասնության հիմքը Մ. Նալբանդյանի ստեղծագործության հրապարակախոսական ուղղվածության և գեղարվեստականության օրգանական համաձուլվածքն է։

«Հիշատակարանում» Նալբանդյանը հանդես է գալիս ոչ միայն Կոմս էմմանուել, այլև Սերովբե Խաչատուրյան Շահբեգ, Մեսրոպ Տիրատուրյան և Աբրահամ Դիոսկորոսյան Բաբկենյանց գրական կեղծանուններով։ «Ստեղծելով այսքան բազմազան դիմակներ իր հերոսի և հենց սեփական անձի համար, Նալբանդյանը հասնում էր մի քանի նպատակի։ Դրանով ընթերցողի մեջ առաջանում էր այն տպավորությունը, որ հասարակական կյանքի և մշակույթի հարցերում հեղինակի դիրքորոշումը շատերն են պաշտպանում։ Դա «Հիշատակարանն ազատում էր միապաղաղության վտանգից, մտցնում գրական հնարանքների և գնահատման հայեցակետերի բազմազանություն» (էդ. Ջրբաշյան, Միքայել Նալբանդյանի արձակի գեղարվեստական համակարգը, «Պատմա-բանասիրական հանդես», 1979, № 3, էջ 11)։

Նալբանդյանը «Հիշատակարանի» միջոցով հայ պարբերական մամուլի բովանդակությունը հարստացրեց ճշմարիտ հրապարակախոսության հիանալի օրինակներով և ժուռնալիստիկայի ասպարեզում ստեղծեց չափանիշներ, որոնք երկար տասնամյակներ մնացին չգերազանցված։ Սակայն «Հիշատակարանը» մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև իր ներքին էվոլյուցիայով, քննարկվող հարցերի նշանակալիության մեծացումով, իր իսկ հեղինակի գաղափարական բուռն աճով։ Նրա գործունեությունը համընկնում է անցյալ