Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աթոռի վերա, եթե ծառաս հառաջամատույց չլիներ և չխնդրեր ինքյան տալ:

Երբ որ բավական սրսկել էր առանձնարանս անձրևի ջրով, ձեռքերը տրորելով մոտեցավ ինձ և մեր մեջ բացվեցավ մի այսպիսի խոսակցություն առանց ողջունի.

— Մեր տղա, ոչինչ բանից տեղեկություն չունիս, դուրսը բոլորովին ջրհեղեղ է, իսկ դու հանգիստ նստել ես տանդ։

— Է՛հ, քեզ ո՛վ է ասել, որ այսպիսի անախորժ եղանակում ոտքդ դուրս դնես տանից. ես, ահա ինչպես տեսանում ես, երեք օր է, որ փակվել եմ տանս, որովհետև ոչինչ հնար չկա դուրս գնալու:

— Ո՛վ գիտե դարձյալ ինչ բանով ես պարապած. դու զուր տեղը երեք օր տանը չես նստում. երևի թե հարստացնում ես Հիշատակարանդ։ Լա՛վ նայիր հա, չլինի՛ թե այս իմ օտարոտի այցելությունը ևս նյութ դառնա քո Հիշատակարանիդ. ես գիտե՞ս ինչպես մարդ եմ... ես ուրիշների նման չեմ... երեք հազար մանեթ ջուրը կդնեմ, որ քո Հիշատակարանդ արև չտեսանե... ինձ Բեգզադե են ասում։

— Թող և շահզադե լինեիր դու, այնուամենայնիվ այդ քո մականունը ոչինչ բան չունի իմ Հիշատակարանի հետ. ոչինչ մարդու ծառա չէ իմ Հիշատակարանը, ես նորան չեմ տպում, օտարի չեմ ցույց տալիս, ունիմ երկու հարյուր ութսուն բարեկամ. միայն նոքա են տեսանում։ Եվ այն մարդը կամ այն անցքը կընկնի Հիշատակարանիս մեջ, որ արժանի էր հատուկ ուշադրության լավ կամ վատ կողմից․ և քո պես մարդը պետք է ուրախանա և շնորհակալություն մատուցանե ինձ, եթե արժանացել էր մի երկու թերթ տեղ ստանալու Հիշատակարանիս մեջ: Եթե դու ավելորդ արծաթ ունիս, քեզ մի բարի խորհուրդ տամ. մեր գեղի մեջ չկա աղջիկների ուսումնարան, դու այդ քո ավելորդ արծաթը գործ դիր, գոնե առ ժամս, մի փոքրիկ ուսումնարան բաց, ուր թող ուսանին աղջիկ զավակները մեր ազգի, կրթված և դաստիարակված մայր դառնալու համար ապագայումը. այդ շատ օգտակար գործ է, և ես այն ժամանակ կփառավորեմ քո անունը Հիշատակարանիս մեջ, հավատա՛ ինձ, պարսից շահի հրովարտակի նման, ոսկի տառերով կդրեմ անունդ։

— Ինչե՞ր ես խոսում. ի՞նչ բանի համար ջուրը ձգեմ այդքան արծաթ, ես դուստր չունիմ, իսկ օտարի զավակների վերա ես հոգաբարձո՞ւ եմ. ի՛նչ եմ։ Ի՞նչ պարտական եմ ես ազգին, ամենայն ծնող թող հոգս առնե, եթե կամի, յուր զավակի դաստիարակության վերա.