դու կամիս, որ ծիծաղեն իմ վերա և ասեն դեռևս հասարակաց առածը, թե «խելագարի հացը խելոքի փորը». շատ շնորհակալ եմ խրատիցդ։
- Եղբայր, եթե դու ավելորդ կարողություն ունիս, որ քո ապրուստի համար հարկավոր չէր, և եթե մի այդպիսի արծաթագլուխ հոժարում ես զուր տեղը չքացնել Հիշատակարանիս արև ցույց չտալու համար, մի՞թե պարծանք չէր քեզ և քո բոլոր գերդաստանին, այդ ուսումնարանը, որ միշտ և հանապազ կրելու էր քո անունը, և ապագայումը շատ մայրեր աղոթք կառնեին քո հոգու համար, շատ երեխայք, առաջին անգամ խոսել սկսանելով, սիրով կսովորեին արտաբերել քո անունը։ Դու ասում ես, թե «դուստր չունիս, և թե ոչինչ պարտական չէիր ազգին, թե դու ուրիշի զավակների հոգաբարձուն չէիր»։ Մի՞թե մի մարդ մի բարի գործ կատարում է նորա համար, որ պարտական էր և ինչպե՞ս կարելի էր այնուհետև բարեգործություն անվանել այդ, եթե նա կատարելով որևիցե գործողություն, վճարել էր յուր պարտքը. եթե աստված օրհնել է քեզ հարստությամբ, ինչու դու մասնակից չառնես այդ բարության մի ուրիշը, որ զուրկ էր նորանից. մի՞թե Քրիստոսը պարտական էր մարդկությանը յուր անմեղ արյունը, որ քամեց Գողգոթայի վերա, մարդկության կեղտը լվանալու համար։ Դու ասում ես թե չունեիր դուստր․ մի՞թե մարդը պիտո է այն բանը առնե միայն, որից օգուտ էր հառաջանում յուր ընտանիքի և յուր համար հատկապես. եթե դու ստացած լինեիր աստուծուց դուստր և դաստիարակած նորան, նա պիտո է ապագայումը օրհներ քո հիշատակը և աղոթեր քո գերեզմանի վերա, իսկ եթե դու խնամ տանեիր և դաստիարակեիր ուրիշ մարդերի դստերքը, որ աղքատ ծնողների զավակ լինելով մնալու էին կոպիտ հասկացողության մեջ, մի՞թե այդ կրթված և դաստիարակված օրիորդքը հայհոյելու էին քո անունը, ո՞չ ապաքեն ամեն մինը նոցանից երախտագիտական արտասուքով պատվելու էին քո գերեզմանի հանգիստը։ Դու ասում ես թե «հոգաբարձու չէիր ուրիշի զավակներին»․ մի՞թե դատապարտվելու չէր մի մարդ, որ թեև հոգոբարձու չէր մի այլ մարդու վերա, այլ այնուամենայնիվ տեսանելով որ մի այդպիսի մարդ մոտենում է մի անդունդի բերանի և պիտո է կործանվի նորա մեջ և նա տեսանելով և հնար ունենալով փրկել նորան, գործ չէր դնում յուր հնարը, և այն խեղճը կորչում էր այնպես դուր տեղը։ Մեք ամենքս մի ազգի որդիք ենք, մեր հայրը Հայկն է, և մեք բոլորս մի գերդաստանի անդամ, ամո՞թ չէ այդպիսի գերդաստանի որևիցե անդամին, պաշտելով յուր սեփական անձնասիրությունը անհոգանալ ընտանիքի լավության մասին, ամոթ չէ՞ ասում եմ միևնույն ընտանիքի մեջ որոշել իմ և քոն։ Դու