Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ նենգություն էր պարունակում․ հոդվածագիրն ընթերցողներին էր հասցնում ոչ միայն այն փաստը, թե Նալբանդյանը «վտանգավոր» գործիչ էր, որին բանտարկել են «տերության դեմ հանցավոր գտնվող չարագործաց» բերդում, այլև այն իրողությունը, որ Նախիջևանի հասարակության մի հատվածը կամ «փառթիան», Նալբանդյանի հետ էր։ Նա գրում է. «Երբոր նույն տարին, նույն օրը առաջնորդին Նախիջևանեն դուրս ելլելուն պես եկավ հասավ այն տեղը խռովասիրաց մեծ պատգամավոր և խորհրդական և գործակալ «Երկու տող» անունով հայհոյական տետրակին հեղինակը, և ուրիշ շատ մեծագործությանց (ըստ նոցա) կատարողը, մի՞թե գեր. առաջնորդն էր կառքերով ու ձիերով անոր ընդառաջ վազողը, և ովսաննաներով քաղաք ընդունողը...»։ («Մասյաց աղավնի», 1865, № 2, էջ 47)։

Ի վերջո, Այվազովսկի-Պոյաճյան եղբայրակցությունը ընդլայնում է հարցի ընդգրկման հորիզոնները... Ըստ հոդվածագրի մեկնաբանության, պայքարելով Այվազովսկու դեմ, Նալբանդյանի խմբակցության նպատակն էր եղել Նոր Նախիջևանում իշխող դեր ստանձնել և շարունակել Նալբանդյանի սկսած գործը։ Արդեն զավեշտի ենթարկելով իրենց հակառակորդներին, որոնց պարտված էր ենթադրում, «Մասյաց աղավնու» հոդվածագիրը իր հովանավորի հետ ձեռքերը պարզում է դեպի այլ հորիզոններ, մեջ բերելով Նալբանդյանի այլ զինակիցների... Այո՛, առանց սպառնալիքի չէ, որ նա հայտարարում է, թե հակառակորդ «փառթիան» իր ձեռքը կառներ դպրոցական և քաղաքական վարչության գործերը, կտպագրեր թերթեր՝ «Հյուսիս», «Հարավ», «Արևելք», «Արևմուտք» անուններով, «Երկու տող» չէ, երկու հարյուր, երկու հազար երեսներով մատյաններ» կտպագրեր (էջ 47)։

Նալբանդյանը զրկված էր Պոյաճյանին ուղղակի պատասխանելու հնարավորոթյունից, բայց նրա զինակիցները շարունակում էին հսկել Այվազովսկու յուրաքանչյուր քայլը և հասնում են այն բանին, որ նա պաշտոնանկ է արվում (տե՛ս <Այվազովսկու վարդապետարանի մասին> նամակի ծանոթագրությունը, էջ 424-425)։

Էջ 117, տ. 16. ...պիտի բաժանորդ գրվեի... «Մեղուին»-Տե՛ս «Մեղու Հայաստանի» լրագրին նվիրված ծանոթագրությունը (էջ 361-366)։

տ. 16. ...պիտի բաժանորդ գրվեի... «Ճռաքաղին» — «Ճռաքաղ» (1858-1862) բանասիրական ամսագիր, վերջում՝ ամսագիր կրոնական և բանասիրական գիտելյաց։ Հրատարակվում էր Մոսկվայում՝ Լազարյան ճեմարանի կրոնուսույց Մսեր Մսերյանի և նրա որդու՝ Զարմայր Մսերյանի խմբագրությամբ, որոնք ցանկանում էին ազգի մեջ վառ պահել սերը կրոնի, եկեղեցական տոների, կրոնական ծեսերի նկատմամբ։ Հատկապես 1860 թ., երբ հանդեսը կիսամյա դադարից հետո սկսում է հրատարակվել, խմբագիրները դրան տալիս են ընդգծված կրոնական ուղղություն, ազգի լուսավորության և երջանկության համար անհրաժեշտ համարելով «զարթուցանել զամենեցունց ուշադրությունը դեպի կրոնական խնդիրս»։

XIX դարի 60֊ական թթ. կղերաֆեոդալական հոսանքի աչքի ընկնող օրգանն էր «Ճռաքաղը» և իբրև այդպիսին՝ հրատարակության հենց սկզբից, թշնամական դիրք էր բռնել «Հյուսիսափայլի» նկատմամբ։ Թեև իբրև հրապարակախոսներ Մսերյանները առանձին կշիռ չունեին, բայց հետադեմ գործիչների հետ ունեցած իրենց կապերով, «Մեղու Հայաստանի» թերթի էջերում հրապարակած բանսարկություններով քիչ անախորժություններ չէին պատճառում «Հյուսիսափայլի» խմբագրությանը։

Հայր և որդի Մսերյանները Նազարյանի և Նալբանդյանի դեմ պայքարում էին և՛ բանավիճային հոդվածների, և՛ այլաբանական պատկերների, և՛ ամբաստանագրերի միջոցով։