Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թեև այն դեռ չկար հրապարակի վրա, ինքը հայտնում է բովանդակությունը, որի մասին տեղեկությունները ձեռք էր բերել «ստույգ աղբյուրից» (տե՛ս «Մեղու Հայաստանի», I860, № 17, էջ 129-131)։

Ավելի ուշ, երբ լույս է տեսնում Նալբանդյանի «Հիշատակարանի» վերջին գլուխը, Զարմայր Մսերյանը գրում է, թե դեռ այն չտպագրված, անկյուններում խոսում էին, որ Խուդաբաշյանը, Չերքեզյանը և Մսերյանը պետք է խայտառակվեն։ Իրեն հայտնի են եղել «Հիշատակարանի» նյութերը, գրում է նա, բայց դրանց մասին չի շտապել գրել, որովհետև հարվածի տակ կգցեր մեկի, որին «Հյուսիսափայլի» խմբագիրները կասկածում էին, թե խմբագրության լուրերը հաղորդում էր Զարմայր Մսերյանին (1860, № 32, էջ 252-253)։

Ազատվելու համար իրենց ուժեղ հակառակորդներից, Մսերյանները դիմում են նաև գործնական քայլերի։ Պահպանվել է Մսեր Մսերյանի մի նամակի սևագրությունը կաթողիկոսին (որի մասին խոսք եղավ առաջին ծանոթագրության մեջ), որտեղ հայր Մսերյանը շարադրում է բողոքի իր խոսքը Նազարյանի և Նալբանդյանի դեմ։ Նա մատնանշում է «Հյուսիսափայլի» համապատասխան էջերն ու հոդվածները, որոնց միջոցով Կոմս էմմանուելը «անթույլատրելի» մտքեր է տարածում ժողովրդի մեջ, վիրավորում է առաջնորդին (Գ. Այվազովսկուն), խոսում Մսեր Մագիստրոսի պատվի դեմ և այլն։ Մսեր Մսերյանը հայտնում է նաև, որ Այվազովսկին Նազարյանի վարքագծից բողոքել է Խ. Լազարյանին, և թեպետ սա քանիցս զգուշացրել է այդ «ազգատյացին», «բայց զի՞նչ օգուտ. անզգամն այն առաւել ևս կատաղեալ չկամի ամենևին ունկնդիր լինել և անսալ այնպիսի բարեյորդոր բանից և խրատուց, և օր ըստ օրէ յաւելու զլրբութիւն և զհանդգնութիւն իւր ի մեծագոյն և յանբուժելի գայթակղութիւն ժողովրդոց»։

Առավել լրջությամբ և խորին մտահոգությամբ Մսերը կաթողիկոսի ուշադրությունը հրավիրում է հայ եկեղեցու վիճակի վրա, որի վերքերը գնալով մեծանում են և եթե կաթողիկոսը անհրաժեշտ միջոցներ չձեռնարկի, ապա՝ «եկեղեցի մեր ի վերջնումն կայ ի վտանգի գլորման»։

Այս ամենը հայտնելուց հետո, Մսերյանն աղաչում է կաթողիկոսին, որպեսզի նա Նալբանդյանի առիթով դիմի ոմն բարձրաստիճան պաշտոնյայի (նամակում այդ անվան տեղը բազմակետերով է նշված), «զի սաստեցէ վայրախօսին այնմիկ... զի օր ըստ օրէ յաւելանայ զլրբութիւնն իւր և ո՛չ դադարի հրատարակելոյ ի մեջ ազգիս զայնպիսի նախատալից յօդուածս ընդդեմ անձանց արժանաւորաց...»։ 13-րդ կետում Մսերը բացում է բոլոր քարտերը և առաջարկում կաթողիկոսին, որ այդ բարձրաստիճան պաշտոնյային խորհուրդ տա՝ ոչ միայն «որո՛վ և իցէ հնարիւք կարճել զգազանական կատաղութիւնն խելացնոր փիլիսոփոսին» [Նազարյան], այլև երկուսին էլ «անպատճառ հեռացուցանել ի քաղաքէ աստի» (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 207, վավ. 2129)։

Ինչպես ցույց է տալիս հարցի պատմությունը, Մսերյանները բանսարկություններով շատ բանի չեն հասնում։ Պատմական ժամանակաշրջանը ի՛նքն էր որոշում գործիչների ճակատագիրը և սահմանում նրանց թերթերի գոյատևման իրավունքը։ 1862 թվականին անհավասար մարտերում ուժասպառ եղած «Ճռաքաղը» դադարում է հրատարակվել։

Էջ 117, տ. 30-31. ...առանց Շամիլի հրամանին չենք կարող քեզ արձակել-Շամիլ անվան տակ Նալբանդյանը նկատի ունի Գ. Այվազովսկուն, իսկ Խալիլ Նայիբը Հարություն Խալիբյանն է։ Այս հաստատում է և ինքը Նալբանդյանը՝ Գրիգոր Սալթիկյանին ուղղված 1859 թ. մարտի 31-ի նամակում. «2 № Հիշատակարանն, իհարկե, կարդացիր,