Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ մյուսը Հայկական - 1850-ական թվականներին Փարիզի Մուրադյան վարժարանում աշխատում էին Մխիթարյան երեք վարդապետներ՝ Սարգիս Թեոդորյանը (վերատեսուչ), Գ. Այվազովսկին (դաստիարակ) և Ամբրոսիոս Գալֆայանը (ուսուցիչ)։ Այն բանից հետո, երբ 1852 թ. Մխիթարյանների հրատարակած «Նոր պարսավագիրքը» հայտնի է դարձնում Մխիթարյանների թշնամական վերաբերմունքը հայոց լուսավորչական եկեղեցու նկատմամբ, Փարիզի երեք վարդապետներն արտահայտում են իրենց դժգոհությունը աբբահայր Հյուրմուզյանի քաղաքականությունից, իսկ Այվազովսկին Մխիթարյանների դեմ նույնիսկ հանդես է գալիս «Արշալույս Արարատյանի» էջերում։ Դրանից հետո կրքերը բորբոքվում են այն աստիճան, որ Այվազովսկին հարկադրված է լինում թողնել Մուրադյան վարժարանի իր կացարանը և առանձնանալ։ Հյուրմուզյանի ջանքերով՝ 1855 թ. գարնանը ամենակոպիտ ձևով, ոստիկանության միջամտությամբ, դպրոցից վտարվում են և Այվազովսկու երկու գործընկերները։ Նրանց հետ դպրոցից հեռանում են հարուստ ընտանիքներից ուղարկված 15 թոշակավոր աշակերտներ։

Գ. Այվազովսկին, Ս. Թեոդորյանը և Ա. Գալֆայանը ստեղծում են գործունեության նոր ասպարեզ. 1855 թ. սկզբից նրանք հրատարակում են «Մասյաց աղավնի» ամսագիրը, իսկ նույն թվականի օգոստոսին՝ Մուրադյան դպրոցից հրաժարված 12 աշակերտներով հիմնադրում են մի դպրոց՝ Հայկազնյան վարժարան անունով։ Քանի որ այս դպրոցը պետք է մրցակցեր Մուրադյան վարժարանի հետ, դպրոցի հիմնադիրների համար Փարիզում ստեղծվում են բազմապիսի արգելակներ, որոնցից ամենածանրը՝ նյութական դժվարություններն էին։ Առանց անհրաժեշտ դրամագլխի կամ որևէ նվիրատվության, նրանք շտապել էին հիմնադրել իրենց նոր դպրոցը, համոզված լինելով, թե քանի որ իրենք պաշտպանում էին լուսավորչական հայերի իրավունքները, հայությունը սատար պետք է լիներ իրենց ձեռնարկած գործին։ Նրանց հույսերը, սակայն, չեն արդարանում։

1856 թ. գարնանը բանակցությունների նպատակով Ամբրոսիոս Գալֆայանը գնում է Կ. Պոլիս, բայց ոչ մի էական արդյունքի չհասնելով համոզվում է, որ միմիայն լուսավորչական եկեղեցու գիրկը վերադառնալու միջոցով է, որ իրենք հուսալի հովանավորություն ձեռք կբերեն։ Այդ մասին նա գրում է իր երկու ընկերներին, որոնք պաշտոնական հայտարարություններ են պատրաստում՝ ուղղված Ներսես կաթողիկոսին և Հակոբոս պատրիարքին։ Վերջիններս սիրով են ընդունում վարդապետների վճիռը և խոստանում են նյութապես օժանդակել նրանց դպրոցին։ Դպրոցի համար հավաքվում են 40 աշակերտներ. Գալֆայանը Կ․ Պոլսում ստանում է 16000 ֆրանկ, իսկ հետագայի համար 30000 ֆրանկ ստանալու հույսեր և վերադառնում է Փարիզ։

Ներսես կաթողիկոսի վերահաս մահը խանգարում է Ռուսաստանի օգնության կազմակերպմանը, իսկ Կ. Պոլսում երևան են գալիս բազմապիսի հոգսեր, որոնք խանգարում են Փարիզի դպրոցի օժանդակման գործին։ Գաբրիել Այվազովսկին սկսում է հուսահատվել։ Երկու տարի Հայկազնյան վարժարանում աշխատելուց հետո, նա եղբոր խորհրդով 1857 թ. մայիսին բաժանվում է ընկերներից և գալիս Ռուսաստան։ Նրա խոստումները, թե Կ. Պոլսից անցնելիս տեղում կզբաղվի դպրոցի նյութական վիճակը բարելավելու գործով, որևէ արդյունքի չեն հասցնում։

Այվազովսկու մեկնելուց հետո վարժարանում շարունակում էին աշխատել Սարգիս Թեոդորյանը և Ամբրոսիոս Գալֆայանը։ 1857-ին ծանոթանալով ստեղծված իրավիճակին, Ամբրոսիոսի եղբայր Խորեն Գալֆայանը նույնպես, եղբոր հորդորներով, Հյուրմուզյանին հայտնում է իր հրաժարականի վճիռը։ Աբբահայրը նրան վտարում է միաբանությունից։ 1857 թ. օգոստոսին Խորեն Գալֆայանը գալիս է Փարիզ, որտեղից Հակոբոս պատրիարքին