հանգել է իր հայտնի եզրակացությանը։ Ինչ վերաբերում է նրա տողատակի ծանոթությանը, ապա մնում է ենթադրել, որ հետագայում հենվելով Թեոդիկի հոդվածի առաջին հատվածի վրա, նա հարցը համարել է սպառված։
«Ընդունելություն Ընծայի» գրքի հեղինակի հարցը Թեոդիկից հետո նույնպես շարունակել է զբաղեցնել հայ բանասերներին։ Այսպես, Հրանտ Ասատուրն այդ խնդրին անդրադարձել է և՛ իր «Դիմաստվերներում» (1921 թ.), և՛ էլ ավելի ուշ՝ 1923 թ. տպագրված «Խաչատուր Միսաքյան Բարիզի մեջ» հոդվածում։ Այստեղ հիշելով Միսաքյանին և Ջունդին գրքի հեղինակ համարելու անցյալներում եղած վարկածը, որին ինքը ևս տուրք էր տվել, Հր. Ասատուրը գրում է. «Ճանիկ Արամյանն էր այդ երգիծանքի գրողը, ինչպես կերևա ետքեն իր հրատարակած մեկ գրացուցակին մեջ, ուր իր անունը նշանակված է իբր հեղինակ»։ Այնուհետև ավելի հիմնավորելով ասածը, շարունակում է․ «Միսաքյանի «Մասիսի» մեջ լույս տեսած վերոհիշյալ երկու նամակները վերջերս առիթ ունեցա կարդալու։ Անկե առաջ, իմ ալ համոզումս եղած էր պահ մը, թե Միսաքյան՝ Ճ. Արամյանի աշխատակցած է այս գրվածքին մեջ, ինչ որ տպավորությունն էր նաև Կ. Ս. Ց Յություճյանի, և ես 1890-ին հատկապես իրմէ քաղած նյութերուս մեջ նշանակված կգտնեմ այս պարագան։
Սակայն վերջերս կարդալով Միսաքյանի գրեթե բոլոր լույս տեսած գրությունները և ուսումնասիրելով իր աշխարհաբարը, իր գրելու և խորհելու եղանակը, սա եզրակացության եկած եմ, թե սխալ ըլլալու է այս ենթադրությունը, որուն արձագանք եղած եմ «Դիմաստվերներուս» մեջ։ Ոճի, ուղղագրության տեսակետով մանավանդ բոլորովին կտարբերին Միսաքյանի գրվածքները և Կըկռիկյանի «Ընդունելություն Ընծային» («Ամենուն տարեցույցը», 1923 թ., Կ. Պոլիս, Ժէ տարի, էջ 113)։
Թեև մեր բանասիրությանն այսօր հայտնի չէ Ճանիկ Արամյանի հրապարակած գրացուցակը, բայց Հրանտ Ասատուրի հայտարարությամբ թերևս կարելի է սպառված համարել «Ընդունելություն Ընծայի» գրքի հեղինակի ինքնության հարցը։
տ. 20. ...Գրքի ճակատում դրած պատկերը — «Ընդունելություն Ընծայի» գրքույկի առաջին իսկ էջում (տիտղոսաթերթից հետո) զետեղված է մի սրամիտ ծաղրանկար, որով գրքի հեղինակը ցույց է տալիս «Ընծայի» իսկական արժեքը և դրան սպասելիք ընդունելության զավեշտական պատկերը։ Ընթերցողը աքացի է խփում «Ընծան» խորհրդանշող արարածին։
Էջ 159, տ. 29. ․..Մեկովը Ֆոպլասին, մյուսովն ալ Թառթյուֆին ունեցած նմաունության պատմությունն ընենք - Ֆոպլաս-ֆրանսիացի գրող Լուվե դե Կուվրեի «Կավալեր Ֆոբլասի սիրարկածները» վեպի հերոսը. Թառթյուֆ-Մոլիերի «Տարտյուֆ» կատակերգության հերոսը։
Էջ 162. տ. 22. ...գնա՛, «Ներքին համոզման» 29-երորդ երեսի վերջին հինգ տողերը կարդա — «Ներքին համոզումն» գրքույկի հեղինակը Ստեփան Ոսկանյանն է։ Այդ պամֆլետը նա հրաաարակել է 1853 թ.՝ ծածկանունով։ Հետաքրքրական է, որ «Յաղագս հայկական մատենագրութեան» իր ճառում Նալրանդյանը խոսելով «Եվրոպա» թերթի մասին, դրա նկատմամբ ցուցաբերում է այն դիրքորոշումը, ինչ ավելի վաղ ցուցաբերել էր Ս.Ոսկանյանը՝ Վիեննայի Մխիթարյանների դեմ ուղղված իր վերոհիշյալ պամֆլետում։
Էջ 163, տ. 37. ...արգո Շահնազարյանց Կարապետ վարդապետը... որ գտանվում է այժմ Փարիզում — Կարապետ Շահնազարյանը (1814 —1865) ծնվել է Համադանում։ Սովորել է էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում, այնուհետև ռուսաց լեզվի և մաթեմատիկայի մեջ հմտացել Հակոբ և Դավիթ Արզանյանների մասնավոր վարժարանում (Թիֆլիս)․ 1836 թ. ընդունվել է Լազարյան ճեմարանը։ 1839-ին ձեռնադրվել է սարկավագ և