Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միքայել եպիսկոպոսը — Բանավիճային մի հոդվածում «Մեղու Հայաստանի թերթի հոդվածագիրը առարկում է Նալբանդյանին, պաշտպանելով Չերքեզյանի հեղինակային իրավունքը։ Գուցե «այժմ ևս, — գրում է նա, — ներկա օրերումս Միքայել Սալլանթյան արքեպիսկոպոսն է, որ հարություն է առել և կրկին գրում է Չերքեզյանցի անունով՝ Նազարյանցի անհամար սխալները «Մեղու Հայաստանի» 31, 32, 33, 34, 35 և 36 համարներումը» («Մեղու Հայաստանի», 1861, № 6, էջ 46)։

(Ի դեպ հոդվածագիրն այստեղ մոռացել է, որ Չերքեզյանի հոդվածի տպագրությունն ավարտվում է 37 համարում)։

Էջ 201, տ. 14. ...մեր սիրելի բարեկամի պարզմտության և անփորձության մասին — Հավանորեն նկատի ունի Ատ. Նազարյանին, որի հետ ծանոթացել էր 1853 թ.։

Էջ 202, տ. 16. ...գրվածը հավանելի էր եղել մի թեթևամիտ պառավի — Հնարավոր չեղավ պարզել «թեթևամիտ պառավի» ինքնությունը և վերականգնել մոսկովյան մտավորականության շրջաններում «մի կտրիճ բանասերի կողմից նրա ստացած արժանի պատասխանի պատմությունը։

Էջ 202, տ. 25. ...հաճելի էր եղել մի այլ երկակենցաղ պարոնի — Ջ. Մսերյանն իր երկրորդ նամակում (գրված՝ Վահան Արամյան գրական կեղծանունով) մեկ առ մեկ քննադատելով Նազարյանի աշխատությունները, ակնարկում է, թե դրանք պատրաստվում է համեմատել օտար սկզբնաղբյուրների հետ։ Ինչ վերաբերում է «Վարդապետարան կրոնի» աշխատությանը, ապա գրում է. «Վարդապետարանի» թարգմանությունն գերմաներեն բնագրի հետ (որ լուտերական հեղինակի գործ է), ’ի վաղուց բաղդատված է զգուշաբար այն բարեջան ուսումնասիրի աշխատությամբ, որ թարգմանչին շատ ծանոթ է, և ինձ ևս ո՛չ անծանոթ («Մեղու Հայաստանի», 1858, № 25, էջ 200)։ Կարծում ենք, որ «երկակենցաղ պարոն» ասելով Նալբանդյանն ակնարկում էր Ջ. Մսերյանի գործունեությունը և՛ «ճռաքաղի», և՛ «Մեղու Հայաստանիի» էջերում։

տ. 28—29. ...«Կոտրած ոտքով կովի» անմահ տաղերգուն — Անհայտ։

Էջ 203, տ. 36. Հաջողություն մաղթելով Չերքեզյանցին, պ. Նազարյանցի պատճառով գրելու գրքի մեջ — Նալբանդյանը նկատի ունի Չերքեզյանի այն սպառնալիքը, ըստ որի նա պետք է ցույց տար («տպագրությամբ շուտ ժամանակում») «պ. Նազարյանցի հայերեն, ռուսերեն և գերմաներեն իմացածի չափը» («Մեղու Հայաստանի», 1860, № 13, էջ 103)։

Մեկ տարի անց, սակայն, Չերքեզյանը հայտարարում է, թե Նազարյանի թարգմանական գործերի մասին թեև պետք է գրեր, «բայց նորա հայտնած անճոռնի րեֆորմը» գրավել է իր ամբողջ ուշադրությունը, և ինքը հարկադրված զբաղվում է նրա կրոնական զանցանքների քննությամբ (տե՛ս «Մասյաց աղավնի», 1861, № 21, էջ 248)։

Էջ 204, տ. 26. Եզր անունի սկզբնատառը — Հայոց եկեղեցու պատմության մեջ Եզր Փառաժնակերտացի կաթողիկոսի անունը անարգանքով է հիշվում այն բանի համար, որ նա մեղանչել է հայոց եկեղեցու դեմ, քաղաքական նկատառումներով զիջում անելով քաղկեդոնականությանը։ Կարնո ժողովում (632) նա ընդունում է Հերակլ թագավորի հավատո գիրը, որտեղ չէր նզովված Քաղկեդոնի ժողովը։ Այդ անարգանքը հետագա պատմիչների, ինչպես և Նալբանդյանի մոտ արտահայտվել է նաև նրանով, որ նրա անվան սկզբնատառը գրվել է գլխիվայր։

տ. 30. ...պ. Խուդաբաշևի գրվածի հոգին — Խուդաբաշևին նույնացնելով պատմության կողմից դատապարտված Եզր կաթողիկոսի հետ, Նալբանդյանը Խուդաբաշև ազգանվան առաջին տառը նույնպես գրում է գլխիվայր։