Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստիճան ստանալու համար: Այն հայտնաբերել և առաջին անգամ հրապարակել է Աշոտ Հովհաննիսյանը՝ «Անտիպ երկերում» (էջ 29-36, հայերեն թարգմանությունը՝ 37-46): Արտատպվում է «Անտիպ երկերից»։

Դեռևս 1853 թվականին, Լազարյան ճեմարանում մանկավարժական աշխատանքի անցնելու կապակցությամբ, Նալբանդյանը եղել է Պետերբուրգում և հարցաքննության ենթարկվել՝ ստանալով հայոց լեզվի ուսուցչի իրավունք։ Այնուհետև, ցանկանալով համալսարանական կրթություն ստանալ, 1854 թ. հոկտեմբերից, իբրև ազատ ունկնդիր, հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասերին: Այս համալսարանի հետ Նալբանդյանը կապված է մնում մինչև 1858 թ. վերջը: 1859-ի աշնանը, վերադառնալով արտասահմանյան ուղևորությունից, Նալբանդյանը նոյեմբերին փոխադրվում է Պետերբուրգ։ Գ. Սալթիկյանին ուղղած նրա 18/XI 1859 թ. նամակից հայտնի է դառնում, որ հանդիպելով նյութական դժվարությունների, Նալբանդյանը վճռել էր առժամանակ թողնել բժշկական ֆակուլտետը և էքստերն ձևով քննություններ հանձնել Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում՝ թեկնածուի աստիճան ստանալու համար։ Այդ պահին նրան անհրաժեշտ էր իր նյութական վիճակն ինչ-որ չափով ապահովելու համար գիտական ցենզ ձեռք բերել։ Ինչ վերաբերում էր բժշկական ֆակուլտետի դասընթացներին, ապա նա Սալթիկյանին հայտնում է, որ մտադիր է առաջիկա տարիներին մեկնել Փարիզ, ավարտել ուսումը և բժշկական գիտությունների դոկտորի աստիճան ստանալ (տե՛ս Մ. Նալբանդյան, ԵԼժ, հ. IV, էջ 65-66)։

Այսպիսով, 1860 թ. սկզբին Նալբանդյանն արդեն արձանագրված էր որպես Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ֊վրաց֊թաթարական բաժնի կողմնակի ունկնդիր. (посторонний слушатель). ապրիլ֊մայիս ամիսներին նա ավարտական քննություններ է հանձնում հայոց լեզվից և հայ ժողովրդի պատմությունից (ադյունկտ Մ. Բերոյանի մոտ), վրաց լեզվից և պատմությունից (Դ. Չուբինովի մոտ), ադրբեջաներենից և ֆրանսերենից (դասատուները չեն հիշատակվում): Իբրև ավարտական շարադրություն՝ նա ներկայացնում է «Об изучении армянского языка в Европе и научном армянской литературы («Հայոց լեզվի ուսումնասիրությունը Եվրոպայում և հայ գրականության գիտական նշանակությունը») փոքրածավալ ուսումնասիրությունը, որի մասին դրական կարծիք է տալիս համալսարանի հայոց լեզվի և գրականության դասատու Մ. Բերոյանը։

Դեկանատը հաշվի առնելով Նալբանդյանի քննությունների գերազանց արդյունքները, նրան ներկայացնում է թեկնածուի աստիճանի: Համալսարանի վարչությունը 1860 թ. հուլիսի 7-ին նրան շնորհում է արևելյան բանասիրության թեկնածուի աստիճան (տե՛ս «Անտիպ երկեր», էջ 388-397):

Ֆակուլտետի դեկան Ա. Մուխինսկին Նալբանդյանին է հանձնում հետևյալ վկայականը. «Տրվում է սույնը Սանկտպետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ֊վրաց֊թաթարական բաժնի ազատ ունկնդիր Միքայել Նալբանդյանին, որ նա այս բաժնի համար քննություն տալով արժանացել է թեկնածուի աստիճանին՝ ըստ նրա ներկայացրած դիսերտացիայի: Ի վավերացումն որի և տրված է սույն վկայականը՝ պատշաճ ստորագրությամբ և համալսարանի կնիքի դրոշմամբ» (ԵԼԺ, հ. IV, էջ 314):

Մ. Նալբանդյանի գրական ժառանգության գնահատականի առումով հետքրքրական է նշել, որ նրա գրավոր շարադրությունը կամ դիսերտացիան հայ բանասերների կողմից արժանացել է զուսպ կամ վերապահ գնահատականների։ Այսպես, հիշյալ հոդվածի հայտնաբերող և դրա առաջին կոմենտարների հեղինակ Աշոտ Հովհաննիսյանը նկատում