Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարած հանցանքների համար նրան դատել քաղաքացիական դատարանի օրենքներով (տե՛ս «Մեղու», 1860, 26/XII, «Հավելված ի «Մեղու»)։

Ալս աղմկահույզ իրադարձությունների վերջին փուլին ականատես Միքայել Նալբանդյանը շտապում է ողջունել իր գրչակից բարեկամին՝ նրա սկզբունքային դիրքորոշման համար: Նա Սվաճյանին ուղղված մի նամակով հանդես է գալիս «Մեղուի» էջերում, հանգամանորեն վերլուծելով վանեցի Պողոսի գործի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ նամակը հետաքրքրական է մի շարք կողմերով: Նալբանդյանը «Հիշատակարանի» տպագրությունից հետո կրկին բարձրացնում է հրապարակախոսության նշանակության հարցը, ընդգծում՝ ազգի անդամներին համախմբելու, ակտիվացնելու և կազմակերպելու նրա մեծ ուժը։ Նալբանդյանը մեկ անգամ ևս շեշտում է հրապարակայնության կարևորությունը ազգի առաջընթացի գործում, խարանում այն կեղծ ազգասերներին, որոնք ազգի թերությունները թաքցնելու իրենց պարսավելի քաղաքականությամբ մեղանչում են ազգային շահերի դեմ։

Մեծարժեք այս հոդվածում Մ. Նալբանդյանը ֆրանսիական լուսավորիչների ուսմունքի ոգով արծարծում է բնական օրենքների անկասելի ուժի, տարբեր դասերի պատկանող քաղաքացիների իրավահավասարության, օրենսդրությամբ նախատեսվող՝ այդ իրավունքների անձեռնմխելիության հետ կապված մի շարք հարցեր:

XVIII դարի II կեսի խոշոր գործիչների, ֆրանսիական էնցիկլոպեդիստների ոգով Նալբանդյանն իր ընթերցողներին ուսուցանում է օգտվել այն բնական իրավունքներից, որոնք ի վերուստ, ապա և օրենսդրությամբ տրված են մարդուն։ Իր օրերի հեղափոխական իրադրության պահանջների խոր գիտակցությամբ նա կոչ է անում հայրենակիցներին՝ անողոք պայքար հայտարարել իր դարն ապրած ամուլ և «տխուր անցածի» դեմ և հաստատուն կերպով ոտք դնել այն նոր սահմանագլխի վրա, «ուր մանուկ առուգությամբ ծածանում է հառաջընթացների դրոշակը»:

Անվերապահորեն հավանություն տալով Սվաճյանի արձակած վճռին, Նալբանդյանն ամբողջ սրությամբ քննում է հոգևորականության արտոնությունների ժամանակավրեպ լինելու հարցը։ Նա նույնպես գտնում է, որ Պողոս վարդապետը ոչ միայն պետք է զրկվի քահանայության իրավունքից, այլև կրի իր գործած քրեական հանցանքների պատիժը:

Նալբանդյանի նամակը եթե զինում է տեղի դեմոկրատական ուժերին՝ ռեակցիայի դեմ նրանց վարած պայքարում, միաժամանակ բորբոքում է այդ հոսանքի հենարաններից մեկի՝ Չամուռճյանի զայրույթը: Վերջինս «Երևակի» 1860 թ. օգոստոսի 1-ի 87-րդ համարում (որը տպագրվում է 1861-ի հունվարին), զետեղում է «Նալբանդյանցի մեկ նամակին վրա» բանավիճային հոդվածը, որտեղ խոսում է Նալբանդյանի մտքերի կարծեցյալ հակասականության մասին։ Ուշադրություն հրավիրելով մասնավորապես նրա այն ասույթի վրա, թե բոլոր մարդիկ հավասար իրավունքներով են ծնվում, որը բնական օրենքից զատ պաշտպանվում է և մարդկային օրենքներով, նա հայտարարում է, որ այդ միտքը հակասում է սուրբ գրքի ոգուն. այնուհետև մատնացույց է անում Նալբանդյանի հայացքների աղբյուրը. նրա հոդվածի բուն էությունը, գրում է Չամուռճյանը, «Ռուսսո հռչակավոր անհավա՛տ հեղինակին՝ «Պատճառք անհավասարության վիճակաց ի մարդիկ» խորագրով շինած ճառեն է, և անցյալ դարուն վերջը և ներկա դարուն կեսին (1848-ին) Գաղղիա և ետքը բոլոր Եվրոպա տակն ի վրայ ընող սոսիալիսդներուն կամ կարմիր հանրապետականներուն դրությունն է» (ընդգծումը հոդվածագրինն է, էջ 88)։

Ինչ վերաբերում էր Պողոս վարդապետին, ապա նա Նալբանդյանի և Սվաճյանի հարցադրումներին հակադրում է հոգևորականների օծված լինելու և անձեռնմխելիության