որ նայեի։ Օրացույց ունեի, բայց երազի մասին բարի ու չար օրերը չկային նշանակած, երևի թե դորա շինողը ևս մի թերահավատ մարդ էր։ Միայն մի խաչ է դրել հունիսի 27֊ի առաջև, բայց այդ խաչը ցույց է տալիս արյուն թողնելու համար օրի լավությունը։ Ճարս կտրվեցավ, վեր կացա, և չնայելով եղանակի այսպիսի անհարմարությանը, ահա գտանվում եմ քո մոտ։— Աստուծո սիրուն, նայի՛ր մի էֆիմերդեն, տես ի՞նչ է ասում։
— Ես արդեն ասացի քեզ, թե էֆիմերդե չունիմ, այդ պատճառով ևս չեմ կարող լցուցանել քո ցանկությունը։ Միայն այսքան կարող եմ ասել քեզ, որ երազ ասացյալը, հավատալու բան չէ. դու, ինչպես ասում ես, կրկնապատկել ես արաղով շինած դեքոքտի չափը, արյունը թանձրացել է գլխիդ մեջ, իսկ ջլերդ հասուցանելով դրսի որոտմունքը և թնդյունը ուղեղիդ, սա գտանվել է մի ավելորդ ջերմության մեջ և պատճառել է այդ ցնորքը։ Հանգստացի՛ր, դա մի վնասակար բան չէ։
Պ. Բեգզադեն սաստիկ հուսահատված իմ սառնութենից, վեր առավ գլխարկը և վերարկուն, և անձրևի գետորեն թափվելուն ուշադիր չլինելով, գնաց։
Հիշատակարանիս ընթերցողներին թողնում եմ իմաստասիրել, թե անկրթությունը մինչև ո՞ր աստիճան մոլորեցնում է մի մարդ։ Դիցուք թե երազ էր տեսել, դորանից մի օգուտ կամ վնաս չկար յուրյան. շանթը ինքը չէր ուտողը, թող բրամինապետը հոգս առներ, մանավանդ անձրևի տակ ընկնելով կարող էր տկարանալ ու կարոտել այնուհետև Հիպոկրատի շանթերին, որ փարատեին նորա ցավը։
Այսպիսի բաներ տեսանել կամ լսել շատ ցավելի է ինձ. արդյոք կտա՞ աստված մի օր, որ ես իմ սիրական ազգը տեսանեի նանրահավատության, սնապաշտության և անկրթության բարբարոսական լծի տակից կատարելապես ազատված։
Նույն օրին, երբ որ պատահել էր իմ և պ. Բեգզադեի հետ այստեղ հիշած խոսակցությունս, բարեկամիս մինը քաղաքական փոստայով ուղարկեց իմ մոտ մի ոտանավորի պատճեն, որ առանց ստորագրության ստացել էր Թիֆլիզից և որի բնագիրը մայիսի 15-ից ուղարկել էին մի լրագիր հրատարակողի։ Կարդացի այդ ոտանավորը և երբ կամեի արտագրել նորան Հիշատակարանիս մեջ, հորեղբայրս ներս մտավ։ Իմ հորեղբայրը իմ գլխին ցենզորի նման մի բան է, շատ խիստ բարոյականության տեր մարդ է, ամենայն օր նայում է Հիշատակարանիս, որ մի