Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդես եկ և համար տուր ինձ, ո՛վ է այդ մարդը, և ի՛նչ ես դրել դորա ճակատի վերա:

Երևեցավ ճակատագիրը և գլուխ տալով Արամազդին, սկսեց յուր հայտարարությունը այսպես.

— Գիրսաս է այդ բրամինապետի անունը, ճանաչում եմ մորը, բայց հոր անունը չկա մեր մատյանների մեջ. այդ մասին պիտո է հարցանել փրփրածին Աստղկից... Մի մարդ տիրություն էր առնում նորան երեխա ժամանակին. կարծիք կար այդ մարդու և երեխայի վերա, որ դոքա ունենային մի հայր որդիական առնչություն, թեև այդ մարդը ցույց էր տալիս յուրյան որպես լոկ բարերար... Այդ բարերար անվանվածը աշակերտ տվեց Գիրսասը մի բրամինի մոտ. երկար ժամանակ մնաց այնտեղ մի մեհենում, որ ոչ շատ հեռի մի կատաղի գետից գտանվում է մի ձորի մեջ։ Մի փոքր յուր անունը ազգի մեջ տարածելու համար, և հիմար ու կարճատես մարդերի աչքը ներկելու համար, աշակերտներ հավաքեց այստեղից և այնտեղից. բայց որովհետև ինքը ոչինչ չգիտեր, վասնորո և աշակերտքը ևս կատարելապես նմանեցան յուրյանց վարդապետին։ Շատ հրաշագործությունք պատմում էին նորա կողմնակիցքը, որպես թե խոր գիշերի մեջ, նորա մեհենի մոտ կամ դպրոցի մեջ Աստղիկ էր ծագում... թեև երկինքը պատած էին թանձր ամպերով։

Ծնանելու ժամանակ այդ բոլորը գրել էի ես նորա ճակատին. նա բրամինապետ դարձավ իմ ազդեցությամբ։ Գրել էի նույնպես, որ նա ստանալու էր ձեր շանթերը Աթենասի ձեռքով, և այդ շանթերը, լափելով նորա փորոտիքը, պիտո է վախճան դնեին նորա անարժան բրամինապետության կյանքին։ Անչափ են դորա չարագործությունքը. մի խոսքով այդ մարդը մի շարժական գահ է սատանայի և բոլոր դժոխքի զորության. նորերումս ձեռքերը ներկեց մի ծերունու արյունով...

— Արամազդը կտրելով ճակատագրի հայտարարությունը, գովեց Աթենասի գործողությունը և հրամայեց կիկլոպներին մի մեծ շանթ պատրաստել այգ թշվառականի օրը խավարեցնելու և Պլուտոնի Թագավորությունը ուղարկելու համար։

— Այս միջոցին ամենայն բան աներևութացավ, թնդաց երկինքը, և ես, այս դղրդյունից զարթելով, գտա ինձ մահճիս մեջ հանգստացած, կայծակը ջարդել էր այն մեծ գոմը, որ մեծ հայրս շինել էր, անտառի մոտ, լճի առաջև, մեծ արծաթ վատնելով։ Քրտինքս թափվել էր գետի նման, մահիճ, վերմակ, սփռոց, ամենայն ինչ ջուր էր դարձած։ Շատ մտածեցի այս երազի վերա, բայց խելքս բանի չհասավ։ Էֆիմերդե չունեի