ղանդի մի նոր արտահայտությունն էին։ Այս դեպքերից հետո է, որ Թիֆլիսի հասարակության պահանջով Դավիթ Արզանյանն արձակվում է պաշտոնից և նրա փոխարեն տեսչի պարտականությունները ձրիաբար ստանձնում է հայ գրաքննիչ Հովհ. Ղայթմազյանը։
Ուշագրավ է, որ իր՝ Թիֆլիսում գտնված ժամանակ այս իրադարձություններով հետաքրքրվել և ողջ պատմությունն իր «Հուշիկներում» նկարագրել է Պերճ Պռոշյանը (տե՛ս Պ. Պոոշյան, Երկերի Ժողովածու երեք հատորով, Հ. III 1954, էջ 473—476)։
Ի դեպ, Նազարյանի նամակը Մուրադյանի հոդվածով հանդերձ, հետագայում, թերևս բժշկապետ Հովհաննիսյանի ձեռքով, հանձնվել է հայ պատմաբան Ալեքսանդր Երիցյանին և դարձել նրա հարուստ արխիվի նյութերից մեկը (տե՛ս Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթ. 150, վավ. 49)։ Դարավերջին, 1896 թ., Երիցյանն այդ փաստաթղթերի մի մասը հրապարակում է «Արձագանք» թերթում (№ 135)։ Մեզ անհայտ պատճառով շարունակությունը մնացել է անտիպ և ամբողջությամբ լույս է տեսել 1958 թ. (տե՛ս Մ. Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագիրը, Հավելված, էջ 247—261, ավել ուշ՝ Ստ. Նազարյան, Նամականի, էջ 219 — 227)։
Էջ 288, տ. 8. Հյուսիսային Ամերիկայի Քուեպեք քաղաքում — Վրաստանի Թիֆլիս քաղաքում։
տ. 9. ...Լավրենտիոսի գետի վերա — Քուռ գետի վրա։
տ. 9 — 10. հռոմայեցի գաղթականներ — Հայեր։
տ. 10 — 11. ...Հոոմի պապը... բաց արեց մի մետաքսի գործարան — Ներսես Աշտարակեցին բացում է Ներսիսյան դպրոցը։
Էջ 289, տ. 5. ...երկուքը եղել են պապի քահանաներից - Հավանորեն նկատի ունի Կարապետ վրդ. Շահնազարյանին և Գաբրիել քհն. Պատկանյանին։
տ. 21 — 23. Ֆրանսիայից բերել տվեց... նորան հանձնեց գործարանի վերակացությունը — Խոսքը վերաբերում է Պետրոս Շանշյանի նշանակմանը։
տ. 27 — 28. Այս բանը շատ ընդդեմ թվեցավ հոգատարներին — Ներսիսյան դպրոցի հետահայաց հոգաբարձուներից էին՝ Դավիթ Թամամշյանը, Դավիթ Խերոդինյանը և Գևորգ (Յագոր) Մանդինյանը։ 1853 թ. Թամամշյանի մահից հետո հոգաբարձու է նշանակվում Ալ. Թայիրյանը։
տ. 30 — 31. Ամենից առավել զայրացողը գործավարն էր — Պետք է ենթադրել, որ հեղինակը նկատի ունի Ներսիսյան դպրոցի վերակացու Երեմիա Իսահակյանին, որի կերպարը, ինչպես դպրոցի չարիքի, պատկերել է Պերճ Պռոշյանը (տե՛ս Պ. Պռոշյան, նշված աշխ., էջ 407—414):
տ. 35. ...պապի սիրելի կարդինալը — Խոսքը Սարդիս արքեպիսկոպոս Ջալալյանի մասին է։
Էջ 290, տ. 4. կարդինալը դարան է գործում և հանգցնում է նորա կյանքի լապտերը — Ժամանակին տարածված էր այն կարծիքը, թե Ս. Ջալալյանը թունավորել է Ներսես Աշտարակեցուն։ Այդ ասեկոսեները հերքվել են հետագայում։
Էջ 292, տ. 4. ...նոքա ինչ որ քեզ առաջարկեն, այն ևս կլցուցանես — Հոդվածագրի այս տողերը համընկնում են Պ. Շանշյանի՝ Մատթեոս կաթողիկոսին ուղղած 1861 թ. հոկտեմբերի 21-ի նամակի հետևյալ տողերի հետ. «Երբ որ նորին բարձր սրբազնությունը (իմա' Զալալյան) թեմակալ առաջնորդություն ընդունեց, ես լսեցի, որ հարևանցի պատմում է, որ մտադրություն ունի ուսումնարանումը նոր կարգադրություն առնել։ Բայց որովհետև ուսումնարանի առաջին կարգադրությունը այս բոլոր դեպքերումը մնացել էր անխախտ, վասնորո ես համաձայն իմ ուղղության, այս հարևանցի լուրերին չտվեցի ոչինչ