արյուն թողուլ։ Հիվանդը թողնում է առողջանալու հուսով, իսկ առողջը գործ է դնում այդ, որպես առողջապահական հնար։ Եվ մի մարդ՝ առողջ թե հիվանդ, որ գնացել էր վարսավիրայի մոտ խորհուրդ հարցանելու, սորա նախկին առաջարկությունն է արյուն թաղուլ, որովհետև այդ դիպվածում ստանալու էր քսան կամ քսանևհինգ կոպեկ արծաթ։ Վարսավիրա ասած մարդը, մի տգետ ռամիկ է, անուս և անկիրթ, նա ոչինչ չգիտե, բայց հասարակ ժողովրդի աչքում, լինում են վարսավիրայք, ո՛րտեղ է մնում բժիշկը, շատ մեծ հարգ ու արժանավորություն ունին։ Վարսավիրայի փույթը չէ, թող հիվանդը բարակացավ ունենա, թող միջողական տենդ (febris intermittens) ունենա, նա կզարկե նշտրակը և այն ժամանակ միայն յուղոտ բամբակը կդնե վիրաբերանի վերա, երբ պղնձի թասի մեջ հավաքվել էր մի երկու ֆունտ արյուն, երբ արյունի գույնը սկսել էր սպիտակիլ. նորա հոգը չէ, նա ամենևին տգետ է, որ արյունը առանց դորան ևս ջրացած լինելով, հասարակ տենդը փոխելու էր դեպի ջլային (feb. nervosa)։ Ո՛վ կարող է երաշխավոր լինել, որ մի փոքր սուլեմա ևս տալու չէր առավել շուտով բժշկելու համար...
Ասիացիք առհասարակ սովորություն ունին յուրյանց հոգաբարձության վերաբերյալ բաները երկար տարիների մեջ ամենայն դանդաղությամբ գլուխ բերել, իսկ այլ մարդերից պահանջել, որ ամենայն բան կատարվեր իսկույն, որպես մի կախարդական գավազանի զարկվածով։ Եվ սաստիկ սրտնեղում են, եթե մի այդպիսի մարդ մի փոքր ուշացնում էր յուր կատարելի գործը, այսինքն ո՛չ թե իրողապես ուշացնում էր, այլ հանդարտությամբ կատարելով յուր գործը, ամենայն ապահովությամբ աշխատում էր հասանել նպատակին։ Նախիջևանցիք սովոր են բժիշկ մարդերից պահանջել այսպիսի շուտափույթ գործողություն. նոքա անհավան են նույնպես, որ բժշկի տված դեղերը հիվանդի առողջ մերձավորների զգալիքի վերա չունին մի որոշ ազդեցություն. զորօրինակ հոտ, համ, և այլն, և այլն, կամ երբեմն նկատում են, որ մի սև շիշի միջից լցված սպիտակ ջուրը ծիրանագույն ներկում է արծաթի դըգալը կամ հետո սևացնում է ևս. այդպիսի դիպվածում, մանավանդ թե հիվանդը վախճանի, ի՛նչքան ծակ մարգարեությունք են լինում,— «բժիշկը դատապարտելի է, անխղճմտանք է, նորա համար թե մի մարդ մեռած, թե մի հավ սատակած. այդ ի՞նչ դեղ է, մի՞թե կարելի՞ է այդպես կրակի նման սաստիկ դեղ տալ, եթե արծաթը չէ դիմանում, սևանում է, ողորմած֊հոգու փորը և աղիքը ինչպես կարող էին չայրվիլ։ Չկամի ամենևին մտածել, որ այդ ողորմած-հոգու փորը