Վանքի ամենաբազմամարդ օրը է վարդավառի կյուրակեն և երկուշաբաթին. հարյուրավոր գերդաստան գնում են քաղաքից և գեղերից, ոմանք վանքի պարսպի մեջ, ոմանք պարտեզումը նստում են յուրյանց շինած կտավեղեն տաղավարների տակ։ Վանքը, ինչպես ասացինք, գտանվում է սարի վերա, իսկ պարտեզը այդ սարի ոտքում մի տափարակ տեղի վերա, որ բաժանվում է սարից վանքի աղբյուրի առատ վտակով։ Վանքից մինչև ջրի ափը շինած է մի քարյա սանդուղք, որի վերա վարդավառի տոնին երևում են այր և կին մարդերի, զանազան հասակի բազմություն, յուրյանց խայտաբղետ զգեստներով, ասիական գնացքով և օտարախոս ձայներով։ Բացի վարդավառից, ամառները, ամենայն կյուրակե, պատահում են այդտեղ տասն, քսան գերդաստան, որ գնում են, ծառերի տակին կանաչ արոտի վերա թեյ խմելու կամ խորոված ուտելու համար։ Վանքի սարից որ ցած ես գնում դեպի աջ, վանքից կես վերստ հեռավորությամբ, կամ ավելի ևս պակաս, հանդիպում ես մի փոքրիկ աղբյուրի, որ ժողովրդից անվանվում է Սաղլըզ-սու (առողջարար ջուր), այդ ջրով լվացվում են ամենայն ջերմնախտ ունեցող մարդ և յուրյանց հանդերձների կոտորից մի բան կապելով մոտակա ծառերի ճյուղերին հավատում են, թե բժշկվում էին։ Աղբյուրը ստացել է առողջարար անունը այն պատճառով, որ տեսած էին նորա վերա լույս իջանելը. շատ կարելի բան։
Աղբյուրը գտանվում է վտակի մոտ, ամենևին ճախինի մեջ, ուր բուսանում է եղեգն և ապրում են զանազան զեռունք և սողունք. այս շնչավորների մեռած մարմինների քիմիական վերլուծությունը, այլև ճախինը ինքնըստինքյան կարող է պատճառել այն լույսը, որ հայտնի է անունովս նախնային գազ կամ գերեզմանական մոլահուր, որ շատ անգամ երևում է և նոր թաղած մեռելների գերեզմանների վերա, եթե խաղաղ էր եղանակը, եթե քամին չէր ցրվում այն գազը, որ բաժանվելով մեռած մարմնից նստում էր գերեզմանի հողաբլուրի վերա։
Այն մարդուն կամ այն ժողովրդին, որին անհասկանալի են բնության օրենքները, սոցա բնական և աստվածադիր պաշտոնակատարությունքը անտարակույս պիտո է հրաշք թվին։
Նախիջևանի բնակիչքը մեծ մասնով վաճառականք են. արհեստասիրությունը շատ փոքր հանդես ունի այդ քաղաքի մեջ. պատճառ, եթե կար ևս մի որևիցե արհեստ, և այն ասիական և անընդունելի մերձակա քաղաքների բնակիչներին, որ օտարազգի են և որ գնողք պիտի լինեին այդ արհեստավորների աշխատութեններին։ Մշակությունը չքավոր մարդերի համար բավական օգտակար բան դարձավ վեջին ժամանակներում