Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միմյանց փողոցի մեջ, վաճառանոցում կամ ղահվետնում. իսկ կանայք պիտո է տեսանեն միմյանց կամ եկեղեցու մեջ և կամ բաղանիքում։ Օրիորդների վերա խոսք ևս չկա, նոքա տարին մի անգամ ծաղկազարդի օրը գնում են եկեղեցի. իսկ այլ ժամանակ աստուծո տուն գնալը համարվում է կամ մեղք, կամ ամոթ և կամ գոնե ընդդեմ բաների կարգին։

Նախիջևանցիք տարին մի անգամ՝ ապրիլի 23-ին տեսանում են յուրյանց քաղաքի բազմությունը Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ. այդ օրը թաթարի բառով անվանում են խդրելեզ: Խդրելեզին, եկեղեցու պարսպի մոտումը շինվում են զանազան խանութներ և ժողովուրդը ամբողջ երեք օր ման է գալիս այդտեղ։ Շատ երիտասարդք ամբողջ ամիսներ սպասում են, որ խդրելեզը գա, որպեսզի կարողանան հարսն որոնել յուրյանց համար։ Այստեղից ջոկ մնում է մի այլ ևս հաղորդակցության տեղ,- այդ Սուրբ Խաչն է։

Սուրբ Խաչի անունով վանքը գտանվում է Նախիջևանից յոթն վերստ դեպի հյուսիս հեռավորությամբ, մի բավական բարձր ապառաժյա սարի վերա։ Վանքը հիմնված է հիշատակի արժանի Հովսեփ Արղությանց իշխանազն արքեպիսկոպոսի ձեռքով։ Նա հաստատած է այդտեղ երբեմն ուսումնարան և տպարան, որ կառավարվել են բավական երկար ժամանակ մի Թադեոս վարդապետի ձեռքով, որ անուն էր ստացել Քիթաբեութան (գիրք կուլ տվող)։ Մոտ իբր վաթսուն տղա Հովսեփ սրբազանը գաղթեցնելով Բեսարաբիայից, Մոլդավիայից և Վալախիայից բնրել է Սուրբ Խաչ վանքը և դրել է այնտեղ դպրոցի մեջ։ Թե ո՞րքան ժամանակ հարատևել է այդ դպրոցը, չկա այդ մասին մի գրավոր հիշատակարան․ միայն այսքան հայտնի է, որ աշակերտներից ոչ մինը մի բան ուսած չեն այդտեղ, որոնցից ոմանք քահանայացած են, և Հիշատակարանիս գրողը շատ անգամ խոսած է նոցա հետ։ Այժմ գուցե մի կամ երկու մարդ ծերունիք, մնացած լինին այդ աշակերտներից։ Տպարանը պիտո է մտածել, որ բավական օրինավոր բան եղած լինի, որովհետև մինչև այսօր ևս կան միքանի գրյանք, որ բավական մաքուր դուրս են եկած այդ տպարանից, որպիսիք են-Յիսուս որդի, Ժամագիրք, Սաղմոս, Աղօթամատոյց, Ողբք և հառաչանք էջմիածնի և ուրիշք թեպետ և Տելեմաքի անդրանիկ թարգմանությունը տպված է շատ անպիտան։

Վանքը ունի շատ պատվական աղբյուր և մի քանի ծառատունկ, որոնց ստվերների տակ օդ վայելելու համար նստում են Նախիջևանից եկավորքը։