Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրորդ և երրորդ ձեռքից ստանում էին ապրանքը, մինչդեռ հայը անմիջական միջնորդ էր լինելու ռուսաց երկրագործի և Եվրոպայի մեջ։ Եթե եվրոպացին, երրորդ ձեռքից ստանալով մի ապրանք, որից արդեն քանի մարդիկ շահվել էին, ուրեմն հետևաբար և թանգացած էր ապրանքը, եթե սորան վաճառում է նա Եվրոպայի մեջ և դարձյալ միլիոններ է վաստակում կարճ ժամանակի մեջ, ի՛նչ պատճառով դորա անմիջական վաճառատունը չէ շահվելու կրկին անգամ ավելի։

Երկրագործություն ասացյալը, ամենևին եվրոպական կերպով, որ ավելի ճիշտ խոսելով, պիտո էր ոսկու հանք անվանել, անտես է արած բոլորովին այդ քաղաքի մեջ։ Երկրագործության զանազան ճյուղերը, որպիսի են մեղվադարմանություն (пчеловодство) և շերամադարմանություն (шелководство), նույնպես բարձի թողի են արած։ Ի՛նչ գեղեցիկ և պտղաբեր դաշտեր կան Նախիջևանի շրջակայքում, ուր կարելի էր միլիոնավոր փեթակներ պահել, ո՛րքան պարապ և ամայի թողած դաշտեր, որոնց վերա շատ փոքր արծաթով կարելի էր թութի անտառներ գոյացնել շերամադարմանության համար, բայց ոչ ով սիրտ չունի մոտենալ բնության և փորելով նորա արգանդը հանել և ստանալ նորա անսպառելի գանձատնից ոսկին և արծաթը։ Երանի՛ էր, եթե գո՛նե արվեստներ ծաղկեցուցած լինեին բնութենից հեռանալով, բայց և այդ չկա մեջտեղում։ Նախիջևանի մեջ չկա ո՛չ մի բանի գործարան, բացի աղյուս և կղմինդր շինելու ախոռներից և փոսերից, բացի կիր շինելու հնոցներից, որոնք, անհրաժեշտ բաներ լինելով շինվածքի համար երևում են հարկավորաբար հառաջացուցած։

Զարմանալի բան. Մոսկվայի և Պետերբուրգի կամ այլ քաղաքների մեջ, Ռուսիայում, տավարի կամ ոչխարի ճարպը, մշակները, ապրուստը, բնակության վարձը, մի խոսքով ամենայն բան թանկ է, քան թե Նախիջևանի մեջ. բայց այդ քաղաքներում պատրաստում են ստեարինյան ճրագներ և ուղարկելով, չասեմ ուրիշ տեղեր, այլ միայն Հարավային և Փոքր Ռուսիա, շինում են միլիոններ. ինքը նախիջևանցին գնում է այդ ճրագը Նախիջևանի մեջ վճարելով յուրաքանչյուր ֆունտի համար 28, 29 կամ 30 կոպ. արծաթ։ Բայց չկան մարդիկ, որ ընկերություն կազմելով բանային մի օրինավոր գործարան այդ բանի համար։ Ամենայն ինչ ձեռնտու էր դյուրագին պատրաստությանը, և եթե ընկերությունը ամեն մի ֆունտը քսանևհինգ կոպեկով ևս արձակեր, այնուամենայնիվ ստանալու էր մեծ օգուտ. մանավանդ գրավելով բոլոր Հարավային Ռուսիայի մեջ այդ ճրագի վաճառականությունը ավելի դյուրագին վաճառելով և ավելի մոտ լինելով այդ սահմանին։