Ի՜նչ է պատճառը, որ չկա այս բաներից ոչ մինը, ի՛նչ է պատճառը, որ ժողովուրդը միմյանցից բաժանված, փեռեկտված չկամի ամենևին ունենալ մի որևիցե ընկերություն. ինչո՛ւ այդպես հալածված է այդ քաղաքից ընկերսիրության հոգին, ինչո՛ւ նորա բնակիչներից շատերը պարապում են մի մեքենական վաճառականությամբ, որի հիմքը էր փոխառություն և փոխատվություն։ Հարստությու՞ն չկա այդ քաղաքի մեջ,— ո՛չ․ որովհետև Նախիջևանի ժողովուրդը համեմատելով Ռուսիայի եզերական քաղաքացիների հետ, միջին թվով, շատ վեր է և ճոխ յուր հարստությամբ: Գլխավոր պատճառը քաղաքի հետ մնալուն է ժողովրդի անդաստիարակությունը և անկրթությունը, սորանից հառաջանում է անմիաբանությունը և այն պատերազմը, որ լույսը և ճշմարտությունը պիտո է ունենային խավարի և ստության հետ։
Փառք աստուծո, Նախիջևանը ունի այսօր եթե ոչ շատ, գոնե մի քանի ընտիր որդիք, որ վաղուց ահա ազատված լինելով ասիական պղտոր տեսութեններից, և ամենայն կերպով ամենայն ջանք գործ դնելով քաղաքի և հասարակության օգտի համար, աշխատում էին մի փոքր բան հասկացնել այն, մինչև այժմ ասիական հոգու վայրենի և բարբարոս ազդեցության տակ մնացած պարոններին, որոնց անձնասիրությունը, շահասիրությունը, փառասիրությունը և խավարասիրությունը մեծ էր, քան թե նոցա հայությունը և ազգասիրությունը: Պարզ երևում է ահա սորանից, որ Նախիջևանի այդ ընտիր որդիքը պիտի մի բարոյական պատերազմ կատարեին խավարի, տգիտության, ստության և բարբարոսական կամակորության հետ։ Հայտնի է և այն, որ ստությունը, ինչպես եղած է միշտ և կա այժմուս աշխարհի երեսին, պիտո է շատ հետևողներ ունենար, քան թե կարող էր ճշմարտությունը գտանել, որովհետև ստությունը, խաբեբայությունը արծաթ ունի, նա կաշառքը ձեռքին նստած է պատրաստ, նա կարող է դորանով հաճոյանալ մարդերին և մի անցավոր և ունայն փառք ճարել, իսկ ճշմարտությունը չունի այդ նյութական նախամեծարությունքը, նա մի վերին և գերամեծար առաքինություն է, նորա ճանապարհը նեղ է և փշոտ, նորա դրոշակը կրողի վերա արձակում են մանավանդ ստության խավարատեսիլ զիՆվորքը յուրյանց նետերը և քարերը։
Մի անպատմելի ուրախություն է գալիս իմ վերա տեսանելով, որ ճշմարտությունը ու ազգասիրությունը և Նախիջևանի մեջ ունին յուրյանց նահատակները, և այստեղ ստությունը և ազգատեցությունը հաղթվելու վերա են, և այստեղ պիտո է խորտակվի խավարի ամբարտավանության եղջյուրը։ Փույթ չէ՛, որ այս րոպեիս վատամարդիկ են դարձած