բանը քանդել է մեր ազգի տունը, դա այն մրրիկն է, որ ցրվել է հայոց ազգը աշխարհի չորս կողմը։ Այս ախտը մի անբարոյականություն է, և բնական հետևանք անդաստիարակության և անկրթության։ Եթե ունեցած էր Նախիջևանը մի ազգային, կամ եվրոպական բազմակողմանի ուսումնարան, որի խորհուրդը եղած լիներ պատրաստել կրթյալ և խելացի քաղաքացիք, գիտուն և լուսավոր վաճառականք, բնագետ երկագործը, հմուտ բնագետք և այլն և այլն, այն ժամանակ ա՛յլ կլիներ ճշմարտության և նորա պաշտոնյաների վիճակը Նախիջևանի մեջ։ Միայն մի այդպիսի ուսումնարանն է, որ կարող էր հաշտեցնել երկու հակառակող բաժինները, ճշմարտություն քարոզելով նոցա, որ նվիրելով յուրյանց անձը ստության և խավարի սպասավորությանը, քարաձիգ և նետաձիգ էին լինում դեպի մյուս բաժինը, որի դրոշակի վերա լուսեղեն տառերով գրած էր «ճշմարտություն»:
Այդ ուսումնարանի չլինելն է պատճառը, որ Նախիջևանի մեջ (ինչպես նաև ուրիշ տեղերում հայերի մեջ) մի զավակ, թող լինի նա ամենահարուստի որդի, աճում է և զարգանում է առանց ամենայն դաստիարակության և կրթության, աշխարհի լուսավորութենից միանգամայն օտար։ Մի այդպիսի զավակի բուսական և կենդանական կյանքերը կերպարանագործվում են, իսկ գլխավորը՝ բանական կյանքը, որով միայն պիտի զանազանվեր նա բուսականներից և շնչականներից, մնում է անկերպարան խավարի բաբելոնյան գերության մեջ, յուր ծնողքի հավիտենական դատապարտության համար։ Այնտեղ, ուր չկա լուսավորության մի աղբյուր, ուր չկա տղաների և աղջիկների դաստիարակություն, ուր նյութականը և ժանգը հաղթահարել են աննյութը և անապականը, ուր չէ քարոզվում ուսումնարանի ամբիոնից սեր, ընկերսիրություն, ազգասիրություն, մարդասիրություն, առաքինություն, աշխատություն, արիություն և այլն, և այլն, ի՜նչպես կարող են հառաջանալ այն բարի բարի բաները, որոնց չլինելու վերա մորմոքվելով հառաջ եմ տանում իմ տխուր Հիշատակարանը, և որոնց միայնակ ծնողը ճանաչվում էր բարեկարգ, և ճշմարտությամբ ոգևորյալ մի ուսումնարան։
Քանի որ այդ քաղաքի պատվելի և մեր սիրական հասարակությունը շինելու չէ մի հոյակապ բուն ազգային դպրոց եվրոպական կարգերով, անմիջապես ինքը հասարակությունը լինելով տեր և հոգաբարձու այդ աշխարհական դպրոցին, առանց մեջ բերելու հոգևոր մարդերի գործակցությունը, քանի որ կանգնեցնելու չէ մի այդպիսի աշտանակ լուսավորության, քանի որ դոցա երեխայքը, յուրյանց անունները հազիվ հազ գրել ուսանելով, պիտի գան ու գնան աշխարհից, քանի որ եվրոպական