Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ա

Ապրիլի 20. Այսօր շատ վաստակած եմ և բավական թույլ, բայց տկարությունս բավական թեթև է և տանելի։ Այսօրյան օրագրությունս հարուստ է այն խոսակցությամբը, որ պատահեցավ իմ և պ․ Խ․․․ մեջ, որ ընդդեմ ամենայն քաղաքավարության եկել էր իմ մոտ գիշերազգեստով (խալաթով)։

Բարեկամական կերպով իրյար ողջունելուց հետո, իմ հյուրի առաջին խոսքը այն եղավ, որ հարցանե ինձանից զանազան նորութենների մասին. ես ոչ մի այնպիսի ուշադրության արժանի բան չգիտեի։ Պ. Խ․ սկսեց յուր խոսակցությունը իմ հետ այսպես․

— Կարդացե՞լ ես Հայաստանի Մեղուի 16-րդ համարը։

— Չէ․ չեմ կարդացել,— պատասխանեցի ես,— որովհետև չեմ ստանում։

— Ափսոս, որ չես կարդացել․ նորա հրատարակողը, Մանդինյանց Ստեփանոս քահանան, այնպես տղամարդի պես հանդես է եկել և խայտառակում է Նազարյանցին և Նալբանդյանցին, որ ասել չէ կարելի։ Հավատա՛ ինձ, այն օրն է ձգել նորանց, որ կարծեմ թե այդ երկուքը ևս զղջացած լինին յուրյանց գրածների վերա․ մանավանդ այսպիսի հզոր և գիտնական հակառակորդի պատահելով։

— Ես հիմարութենների կարդացող չեմ և ժամանակ չունիմ ևս ուշադիր լինելու տգետ մարդերի ցնորամիտ վայրախոսության, և չեմ կարծում, որ Նազարյանցը և Նալբանդյանցը զղջացած լինեին յուրյանց մինչև այժմ գրածների վերա, ինչպես դու ասում ես, «հանդիպելով մի այդպիսի հզոր և գիտնական հակառակորդի»։ Ձեր աչքումը, ճշմարիտ, գուցե մի անկիրթ և բյուր տեսակ նախապաշարմունքով լցված մարդ ունի մի հարգ ու արժանավորություն և գուցե կարող էիք դուք այդպիսի մի մարդ գիտնական անվանել, իսկ իմ կարծիքը Մեղուի հրատարակողի մասին շատ անշահ է։

— Մանդինյանց տեր Ստեփանի՞ մասին․․.