Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ինչո՞ւ ես զարմանում. ի՛նչ մի երևելի մարդ է դա։

— Մանդինյանց տեր Ստեփա՞նը...

— Այո՛, նա. ի՞նչ պատճառով այդքան շատ հարցանում ես։

— Նորա համար, որ նա ուսումնական, խելոք և եվրոպացի մարդ է, և նորա հրատարակած Մեղուն ուսումնական լրագիր է, որով հույս ունի նա լուսավորել հայոց ազգը։

Այստեղ չկարողացա ես ծածկել իմ ծիծաղը, որ առատությամբ դուրս թռավ կուրծքիցս։ Պ. Խ. անորոշ կերպով նայելով իմ վերա, թթվեցուց յուր երեսը և մեծ տհաճությամբ շարունակեց.

— Պարո՛ն, ներիր ինձ ասել քեզ, որ դու ոչինչ հասկացողություն չունիս ուսումնական բաների մեջ. Մանդինյանց տեր Ստեփանը քանի տարի գրագիր էր Ներսես կաթողիկոսի մոտ. եթե նա ուսումնական, խելացի և եվրոպացի մարդ չլիներ, կաթողիկոսը կպահե՞ր նորան յուր մոտ։ Ես չգիտեմ, թե ինչ մտածեմ քո մասին․ հառաջ կարծում էի, որ դու փոքրիշատե բան գիտես, այժմ, ների՛ր համարձակությանս, տեսանում եմ, որ շատ բոկիկ ես եղած ուսումնականութենից։

— Բոլորովին ներում եմ քեզ.— պատասխանեցի ես,— կարող ես ինչ կամիս խոսել, որովհետև հիվանդին և խելագարին ամենայն ինչ ներելի է. օրենքի և պատշաճի խստությունը թուլանում է այս երկու դիպվածներումը, դու լինելով և մինը և մյուսը, ազատապես կարող ես խոսել. բայց այսքան խնդրում եմ հասկանալ, որ Մեղուի հրատարակողի գրագիր լինելը կաթողիկոսի մոտ ոչինչ ապացույց չէ նորա գիտնական, ուսումնական և եվրոպացի մարդ լինելուն. ինչ կոնդակ որ կաթողիկոսը քսան անգամ գրելով ու ճեղքելով վերջապես գրում էր, նույն կոնդակը Մանդինյանց տեր Ստեփանոսը մատյան էր անցուցանում։

Հազիվ թե ավարտել էի խոսքս, պ. Խ. կանչեց.

— Չարախոսություն է, որ առնում ես կաթողիկոսի վերա. ի՞նչպես համարձակվում ես...

— Ես ճշմարիտ բան եմ ասում և սուտ չկա խոսածիս մեջ. ո՛վ կարող է արգելուլ ճշմարտության ճանապարհը։

ճշմարտություն, ճշմարտություն, բայց մոռանում ես, որ այդ ճշմարտությունը ասելով, մերկացնում ես ազգի պակասությունքը և ամոթը։ Եթե մի ճշմարտություն հրապարակելու հետ կապակից է ազգային ամոթի հանդիմանությունը, չի՛ք լինի այդպիսի ճշմարտությունը, այդպիսի դիպվածում լավ է սուտը, որ վարագուրում էր ազգի պակասությունը։ Բան եք շինել ձեր համար․ ճշմարտություն հա՛ ճշմարտություն․