Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զավակի կրթությունը և լուսավորությունը, ապա ուրեմն և նորա երջանկությունը աշխարհի երեսին։

Բայց... ափսո՛ս և հազար ափսոս, որ այս ասածներս մնալու են Հիշատակարանիս մեջ, առանց մասնակցություն գտանելու ընդհանուրի սրտի մեջ. ափսո՛ս, որ սրտիս ցավը և կսկիծը, պատճառված իմ սիրելի ազգակիցների լուսավորության մասին անհոգութենից, պիտի գերեզման իջուցանեն ինձ։ Թո՛ղ այսօր լիներ այդ ուսումնարանը ոտքի վերա, էգուց գնայի ես գերեզման, գո՛նե փարատված կլիներ սրտիս կսկիծը և խաղաղ հոգով, ուրախադեմ կհանդիպեի հրեշտակին, որ գալու էր ինձ, իմ արարչի ատյանը տանելու համար։

Այստեղ շատ անգամ կրկնելով «ազգային ուսումնարան» խոսքը, թեև իսկույն վերաբերած ենք եվրոպական և բազմակողմանի որպիսություն հայտնող բառերը, այնուամենայնիվ ավելորդ չէր մի փոքր պարզ խոսել։

Ազգային ուսումնարան ասելով, չեմ հասկանում այնպիսի ուսումնարանք, որոնց մասին հրատարակում էր Մեղուն ուրախացած. այդպիսի բաները արժանի չեն և ուսումնարան անունը յուրյանց վերա կրելու։ Օբսկուրանտների (խավարապաշտների) կարծիքով արդեն մի մեծ բան էր, եթե մի աբեղա կամ մի եպիսկոպոս, մի տիրացու նշանակում էր մի գյուղում վարժապետ և հավաքում էր նորա մոտ մի քանի աշակերտք. ապա պատրաստ էին այդ օբսկուրանտները մինչև երկինք բարձրացնել մի այդպիսի գործողություն, առանց մտածելու, թե ինքը այդ ողորմելի տիրացուն բացի գիշեր ցերեկ խոնարհեցո՛-ապրեցո՛ ասելով փրփրելուց այլ բան չգիտեր, ազգի համար եղած թե չեղած այդպիսի չնչին բաներ միևնույն են։ Ամենայն ողջամիտ հայի հայտնի է, որ կամին ներկել խաժամուժ ամբոխի աչքը, թե ահա այս ինչ աբեղա կամ այս ինչ եպիսկոպոս ազգասեր է, դպրոցներ է բաց անում,— ինչ ուսյալ մարդ է,— ապա նորա քարոզը, այնպես հրաշալի քարոզ ասաց ուսումնարանի և ազգասիրության վերա, որ ոչինչ չհասկացա, փառավորի նա, իհարկե այդպես է հարկավոր, վաղուց այդպիսի մարդիկ պետք էին մեր ազգին...

Մեր ազգին հարկավոր են ճշմարտապես ազգի վերա մտածողք և ո՛չ թե այդպիսի սուտ ազգասերք, որոնք ազգասիրության դիմակ ծածկելով երեսի վերա, երկաթի կոշիկները հագած, մաշել են Հայաստանի քաղաքների և գյուղերի շեմքերը, սորան վատաբանելու, նորան պարսավելու, յուրյանց սուտ արժանավորությունը սուրբ թարգմանիչների, Սահակի, Մեսրովբի և Խորենացու արժանավորութեններին նման ցույց