ի՛նչ օգուտ կա մի այնպիսի ճշմարտութենից, որ կտրատում էր ազգի սիրտը։
— Պարոն, քո խելքի բանը չէ դատել և հասկանալ ճշմարտության հարգը և արժանավորությունը։ Ինքը Քրիստոսը ճշմարտություն էր և ճշմարտության համար խաչի մահը հանձն առավ. իհարկե այդ բաները քո համար անհասկանալի են, միայն պիտո է ինձ այսքան ասել քեզ, որ ո՛չ դու և ո՛չ քո գիշերասեր դարանամուտ ընկերքը չեն կարող փակել իմ բերանը, որ չխոսեր նա ճշմարտություն. ձեր շատ և անխորտակելի կամակորությունը ոչինչ այլ բանի պատճառ չէ լինելու, եթե ոչ հարկադրելու ինձ, որ այժմյան հայոց ազգի դրությունը հրատարակեմ բովանդակ աշխարհի մեջ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսիարեն և լատիներեն, հրավիրելով այդ ազգերի ուսումնականքը, հասկանալ մեր այժմյան ազգային պիտույքը կամ լուսավորության մասին բարձրացած խնդիրները և անաչառապես դատաստան կատարել: Ինչո՛ւ փախչենք լուսի տակ քննելուց մեր ազգային գործերը, ինչո՛ւ սիրենք խավարի վարագուրով ծածկել մեր վերքերը, որոնք այսքան տարիներ թաքուն մնալով բժիշկներից, կարոտ են այժմ մեծամեծ վիրաբուժական հնարների: Այնպես է, մեր քարոզած ճշմարտությունը գուցե թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնար է փտած և ճարակած խոցը առողջ մասներից բաժանելու և հեռացնելու համար։ Ես ճշմարտություն քարոզելով, ասում ես դու, թե հայտնում էի ազգի պակասությունքը. եթե այդպես ևս լինի, մի ուրիշ խորհրդով չէ դա, եթե ոչ, որ ազգի սրտացավ անդամքը փոքր առ փոքր հասկանալով բանի զորությունը, բժշկության հնար որոնելու ընկնեին. ես, ոչ թե մի սևահոգի մարդու պես, այն խորհրդով եմ մերկացնում այդ պակասությունքը, որ ծիծաղեմ դոցա վերա, կամ պախարակելով անցանեմ հարևանցի նոցա մոտով․ ո՛չ, այդ պակասությունքը ծակում են իմ սիրտը, և շատ արտասուքի պատճառ են դառնում։ Ես դիտավորություն չունիմ մի մարդ կամ մի ազգ անարգելու. քավ լիցի. բայց ինչ որ խոսում եմ, խոսում եմ որպես պաշտոնյա ճշմարտության. ճշմարտությունը ավելի մեծ հարգ ունի իմ աչքումը, քան թե աշխարհի բոլոր թանկագին գոհարները և հարստությունքը:
Այս խոսքերի վերա պ. Խ. մի փոքր հանդարտեց և բոլորովին այլ ընթացք տալով խոսքին, շարունակեց.
— Մի՛ բարկանար, լավ է. մի՛ բարկանար, մեք շատ խոր մտանք, իմ խոսքը Մանդինյանց տեր Ստեփանոսի վերա էր, որ յուր ուսումնական