Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես կարող էին նոքա պատճառ դնելով Հայաստանում համալսարան չլինելը ուրանալ Հայաստանի իրավունքը յուրյանց վերա, մինչ այդպիսի դպրոցի չլինելը ստիպել էր սուրբ թարգմանիչներին աշակերտներ ուղարկել դեպի հունական դպրոցները, որ ’ի լեզու պանծալի և ստոյգ յօդանալով ճեմարանին վերաբանութեան, վերադառնային Հայաստան և կանգնեցնեին ընդհանուր ազգի լուսավորության ավազան։ Բայց թե ո՛րչափ հաջողեցավ նոցա իրագործել յուրյանց գաղափարը, թե ի՛նչ հանգամանքների մեջ ոտք կոխեցին Հայաստան, թէ ի՛նչ ընդունելության պատահեցան և ի՛նչպես կատարեցին յուրյանց ասպարեզը, իմ սիրտը չէ դիմանում մի առ մի նկարագրել։ Ես տեսանում եմ, որ պ. Իսահակյանցը ամենևին անտեղյակ է մեր մատենագրության պատմոթյանը։ Խորհուրդ ենք տալիս օրինավոր կերպով կարդալ և հասկանալ Խորենացին, և եթե բնագիրը անհասկանալի է, փառք աստուծո, շուտով ռուսերենը ևս դուրս կգա, պ. էմինի. աշխատությամբ թարգմանված[1]։ Այդ թարգմանությունը կարող է պ. Իսահակյանցին և ուրիշներին հասկացուցանել Խորենացու Հայոց պատմությունը, ըստ որում ներկայումս հայոց լուսավորությունը այն թշվառ դրության մեջ է, որ ազգը ավելի շուտով կհասկանա Խորենացին ռուսերեն, քան թե հայերեն։ Խորհուրդ ենք տալիս նույնպես կարդալ Ղազար Փարպեցու նամակը գրած Մամիկոնյանց տիրոջ Վահանին, որովհետև այդ տեղից շատ բան է երևում։

Եթե հինգերորդ դարում Սահակ և Մեսրոպ խնկելի թարգմանիչքը հոգաբարձու եղած չլինեին, և նոցա աշակերտքը ինքյանք գնացած լինեին Եվրոպա և Ալեքսանդրիա ուսանելու, այն ժամանակ նոքա ևս կարող էին ասել այն, ինչ որ ասում ենք այժմ մեք, ազգի հոգաբարձությամբ ոչ եթե գիտության կաթն, այլև ո՛չ մի բաժակ լոկ ջուր խմած չլինելով։

Պ. Իսահակյանցը ասում է, թե «ես մեր մեծատունների և հոգևոր իշխանների սիրտը կարևեր խոցելուց հետո, ասում եմ,— թե նորա հետ խոսելու վերա ևս կասկած ունինք»։ Զարմանք, որ պ. Իսահակյանցը խառնափնթորում է և չէ հայտնում, թե — ո՞վի ում հետ խոսելու վերա է իմ կասկածը, և այդ բանի հետ ի՛նչ հարակցություն ունի մեծատունների և հոգևոր իշխանների վիրավորությունը։ Ես ասել էի և ասում եմ այժմ ևս, որ մեծ կասկած և երկբայություն ունիմ մուզաների խոսելու

  1. Խորենացու Հայոց Պատմության ռուսերեն թարգմանությունը պարոն Էմինի աշխատությամբ, արդեն դուրս է եկած տպագրատանից և մտել է գրավաճառական խանութի մեջ։
    Ծան․ հրատարակողի կողմից։